ԱԺ-ն հոկտեմբերի 1-ին արտահերթ կարգով կքննարկի Օսկանյանի հարցը

10

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին արտահերթ կարգով կքննարկի Վարդան Օսկանյանին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող գործում որպես մեղադրյալ ներգրավելու հարցը: Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը այս տարվա մայիսին վերջին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ հարուցեց: Գործի քննության ընթացքում նախկին արտգործնախարարը որպես վկա էր ներգրավված: ԱԱԾ-ն պնդում է, որ Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը փողեր է լվացել, Օսկանյանի եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարին փոխանցվել են 1. 135 հազար դոլար, որն, ըստ ԱԱԾ-ի, խնդրահարույց գումար է: Օսկանյանին անձեռնմխելությունից զրկելու վերջին խոսքը Ազգային ժողովինն է: Մեծամասնության ձայները կորոշեն ԲՀԿ անդամի ճակատագիրը: Ի դեպ, եթե Հանրապետականի կոալիցիոն դաշնակից «Օրինաց երկիր»-ը միակարծիք լինեն, ապա կարող են ապահովել այդ մեծամասնությունը: Իսկ ԲՀԿ-ն սեպտեմբերի 28-ին կքննարկի Օսկանյանի հարցը և այն հրապարակավ կներկայացնի: