Վաղը կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, նախնական ժամ է նշվում 11.00-ն։ Արտահերթի նպատակը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն են, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հունիսի 22-ին ընդունած սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչել։
Այդ փոփոխություններով դադարեցվում է Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը նախագահի կարգավիճակից զրկվում է ՝ դառնալով շարքային դատավոր։ Բանն այն է, որ չնայած սահմանադրական փոփոխություններին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի՝ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Այսինքն, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի գործողությունը չի դադարեցվել, այն ենթակա է պարտադիր կատարման բոլոր պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից։











