Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են. Հրաչյա Սարիբեկյան

11

Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը` անդրադառնալով մայիսի 7-ին Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված առցանց շտեմարանի սերվերի այրվելուն, որի վրա պահպանվում է գրադարանի թվայնացված ողջ արխիվը:

«Ծրագրային բոլոր ֆայլերը, թվայնացված գրականության գրքերի եւ մամուլի ողջ բազան ազգային գրադարանի առանձին կրիչներում պահված է եղել: Երկրորդը, որ մենք, սերվերների արտաքին տեսքից դատելով, կարող էինք ասել, որ դրանք բավականին հուսալի վիճակում են գտնվում, քանի որ մենք փորձաքննությունից հետո ստուգել էինք եւ համոզվել, որ ոչ մի կարեւոր մաս վնասված չէ: Դա թույլ էր տալիս մեզ եզրակացնելու, որ հավանականությունը շատ քիչ է, որ սերվերները հնարավոր չլինեն նորից գործարկել:

Եվ երրորդ` մենք հավաստիացրինք, որ 2-3 շաբաթից հետո ամբողջ արխիվը վերականգնված կլինի, եւ շտեմարանները նորից կգործեն: Վաղն արդեն 3 շաբաթն է լրանում եւ մենք ուզում ենք հանրությանն իրազեկել, որ էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են»,- ասել գրադարանի տնօրենը:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Հայաստանի ազգային գրադարանի թվայնացված առցանց շտեմարանի սարքը` սերվերը, որի վրա պահպանվում է գրադարանի թվայնացված ողջ արխիվը, մայիսի 7-ին այրվել է, սակայն այդ մասին մոտ մեկ շաբաթ ոչ մի հայտարարություն չի եղել, միայն ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է եղել տեղեկություն այն մասին, որ ազգային գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով եւ որ աշխատանքներ են տարվում խնդիրը կարճ ժամանակում լուծելու եւ շտեմարանները հասանելի դարձնելու ուղղությամբ: