Ադրբեջանական կողմը կրկին առաջ է քաշել գերիներին փոխանակելու հայկական կողմին ուղղված առաջարկությունը։ Գաղափարը Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբի մամուլի ասուլիսում հնչեցրել է նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմետ Գաջիեւը։
Գաջիեւը նշել է, որ Ադրբեջանը «բոլորին բոլորի հետ» սկզբունքով գերիների եւ պատանդների փոխանակման կողմ է հանդես գալիս։
Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանում կա երեք գերեվարված հայ՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը եւ Արայիկ Ղազարյանը: Իսկ Հայաստանում Ադրբեջանի գերեվարված քաղաքացիներ չկան:
Արցախում առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար, մասնավորապես մի քանի սպանություններ, այդ թվում՝ անչափահասի սպանության համար, իրենց պատիժն են կրում Ադրբեջանի երկու քաղաքացիներ՝ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը։











