«Եթե Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության հարցը դրվի օրակարգ, Հայաստանն իր անդամակցությունից բխող ողջ գործիքակազմով կձեռնարկի համապատասխան քայլեր»,- այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Հայաստանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակում ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը, թե Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է։
«ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերում հստակորեն նշված է՝ անդամ կարող է դառնալ այն պետությունը, որը որևէ գործողություն չի արել ի վնաս կառույցի և անդամ պետություններից որևէ մեկի»,- ընդգծեց Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու Լյուքսեմբուրգում ՀՀ արտգործնախարարը չի հանդիպել Ադրբեջանի արտգործնախարարին այն դեպքում, երբ վերջինս հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ, Աննա Նաղդալյանը նշեց, որ նախարարը մասնակցում էր Արևելյան գործընկերության անդամակցող պետությունների արտգործնախարարների հանդիպմանը, և երկու նախարարների ներկայությունը նույն հարթակում դրանով էր պայմանավորված:
«ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը խաղաղ բնույթ է կրում, որի շրջանակում պահանջվում է մշտական կապ համանախագահների հետ: Նույն օրը ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարը, նա նաև մշտական կապի մեջ է համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի հետ: Սա պարզապես աշխատանքային բնույթի հանդիպումներ են»,- ընդգծեց նա: