Քաղաքագետ. Բանակցային գործընթացի հենց սկզբից միայն Հայաստանն է զիջումներ անում

7

Տարածաշրջանում տիրող իրավիճակի, սպասվող զարգացումների, հայ-ադրբեջանական հարաբերությունների և Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ «Ազատ Ձայն» լրատվականը խոսել է քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ:

Պրն Գալստյան, Հարավային Կովկասում մթնոլորտը օր օրի լարվում է, Իրան-ԱՄՆ-Իսրայել, Թուրքիա-Սիրիա-Ռուսաստան, Հայաստան-Ադրբեջան, ի՞նչ կանխատեսում ունեք, ի՞նչ վախճան կունենան այս հակասությունները:

-Պատմականորեն մեր տարածաշրջանը միշտ «հարուստ» է եղել թե՛ հակամարտային խնդիրներով, թե՛ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ամենատարբեր դերակատարներով: Այս հարցում այսօր էլ այդ «հարստությունն» ակնառու է: Ես չեմ տեսնում այսօր որևէ պատճառ, գործոն, հիմք, որը հիմք տա ենթադրելու, թե իրավիճակը կհանդարտվի:
Ձեր նշած խնդիրների փնջից յուրաքանչյուրն ունի զարգացման իր ուրույն բովանդակությունը, բայցև դրանք ունեն ներքին փոխկապակցություններ ու փոխազդեցություններ: Դրանց արդյունքը կանխորոշելը խիստ դժվար է այս պահին, քանի որ այդ հակամարտությունները դեռևս գտնվում են զարգացման, ներքին խմորման մեջ: Սրացման միտում կարելի է նկատել սիրիական հարցում՝ կապված, մասնավորապես, Թուրքիայի մարտավարության փոփոխության հետ: Իրանական խնդրում՝ կապված ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հետ, առայժմ լարվածության մակարդակը պահպանվում է, սակայն դրան զուգահեռ Իրանի նկատմամբ միջազգային սանկցիաները ևս պահպանվում են: Հայ-ադրբեջանական հիմնախնդրում ի հայտ է եկել նոր խնդիր՝ «Սաֆարովի գործը», որը, կարծում եմ, էականորեն խոչընդոտել է կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման ջանքերին, ինչն այդքան անհրաժեշտ է հակամարտության լուծումը մոտեցնելու համար:

Հայաստանը որևէ առումով կտուժի՞ տարածաշրջանում տիրող իրավիճակից:

-Կախված է նրանից, թե ինչ զարգացումներ կունենա այդ իրավիճակը: Մեր տարածաշրջանում և նրա շուրջ մթնոլորտը դինամիկ փոփոխության մեջ է: Իսկ դրա՝ մեզ համար դրական/բացասական լինելը գնահատելու համար նախևառաջ պետք է հստակեցնել, թե ինչ ենք մենք ուզում, որն է մեր շահը: Անշուշտ, այսօրվա իրավիճակն արդեն իսկ ունի իր բացասական հետևանքները մեզ համար՝ լարվածությունն ու պատժամիջոցներն Իրանի նկատմամբ խոչընդոտում են այդ երկրի հետ մեր հարաբերությունների զարգացմանը, Սիրիայում առկա իրավիճակը վտանգում է սիրիահայերի ֆիզիկական անվտանգությունն ու կենսագործունեության հնարավորությունները, կառավարող վարչակարգի փոփոխությունը ևս մեզ համար շահեկան չէ, քանի որ այդ վարչակարգը՝ անկախ իր բնույթից, թերություններից, տեղի հայերի և տարածաշրջանային որոշ հարցերի նկատմամբ վերաբերմունքի պատճառով ձեռնտու է և՛ սիրիահայ համայնքի, և՛ մեր ազգային-պետական շահերին: Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խնդիրների բացասական հետևանքները նոր չեն. այդ երկու պետությունները շարունակում են վարել բացահայտ հակահայկական քաղաքականություն թե՛ միջազգային, թե՛ տարածաշրջանային մակարդակներով:

Այս ֆոնի տակ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն էլ ասես փակուղի են մտել, մի՞թե մեզ ձեռնտու է նման իրավիճակը:

-Արդեն քանի տարի է, որ տարբեր մակարդակներով հայտարարվում էր, որ հիմնախնդրի հանգուցալուծումը մոտ է, կողմերը մոտ են ինչ-որ շրջադարձային կետի և այլն: Սակայն եթե անգամ այդպիսի «շրջադարձային կետ» իսկապես նախատեսվում էր, այսօր ես չեմ նկատում որևէ փոփոխություն Ադրբեջանի դիրքորոշման մեջ: Ավելին, «Սաֆարովի գործը», ադրբեջանական հասարակության արձագանքը դրան ցույց տվեցին, որ ինչ-որ լուրջ փոփոխություն պետական դիրքորոշման մեջ այսօր ակնկալելը հիմնազուրկ է:

Ղարաբաղյան հակամարտությունը բանակացային ճանապարհով լուծելու փորձերը մի՞թե իրատեսական են:

-Կախված է հակամարտող կողմերի, իսկ այս դեպքում՝ Ադրբեջանի դիրքորոշումից: Ես փոխզիջում չեմ տեսնում այստեղ: Հակառակը, բանակցային գործընթացի հենց սկզբից միայն Հայաստանն է զիջումներ անում՝ զինադադարի պայմանագիրը, բանակցությունների մեջ մտնելը, բանակցային «փաթեթը», նույն այդ Մադրիդյան սկզբունքների գոյությունն ընդհանրապես, Ադրբեջանի սադրանքներին չենթարկվելը: Որքա՞ն կարելի է զիջել: Ինչու՞ պետք է զիջել այն հարցերում, որոնցում մենք զիջման ենք գնացել: Ինչու՞ պետք է զիջել ընդհանրապես:

Որքա՞ն կարող են կողմերը ձգձգել այս իրավիճակը:

-Ե՛վ երկար, և՛ կարճ՝ կախված իրավիճակից: Նախ, Ադրբեջանի կողմից պատերազմի չվերսկսման միակ խոչընդոտը, մեր անվտանգության միակ երաշխիքը, այս փխրուն իրավիճակի միակ ապահովողը մեր զինված ուժերն են: Ուրիշ ոչ ոք ու ոչինչ չէր կարող Ադրբեջանին ետ պահել նոր ագրեսիայից: Երկրորդ, Ադրբեջանին արկածախնդրության գայթակղություն կարող են տալ, մասնավորապես, Իրանի շուրջ հիմնախնդրի սրացումը, տարածաշրջանում ռազմաքաղաքական ակտիվ գործողությունները: Երրորդ, Ադրբեջանում վարչակարգի փոփոխությունը կարող է և՛ նպաստել հիմնախնդրի կարգավորմանը, և՛, հակառակը, ռազմական նոր արկածախնդրության պատճառ դառնալ: Դա էլ կախված է նրանից, թե ովքեր կգան իշխանության:

Ինչ եք կարծում, իրականում որևէ առաջնթացի հասե՞լ է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ իր տարածաշրջանային այցերով ու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ կազմակերպելով:

-Ինքնին բանակցային խողովակի պահպանումն արդեն իսկ որոշակի ձեռքբերում է, թեև, լայն առումով, այդ բանակցությունները, ինչպես վերևում նշեցի, լուրջ տեղաշարժի չեն բերել:

Անդրադառնանք նաև մեր մյուս հարևաններին, Թուրքիա-Ռուսաստան վերջին շրջանում ծագած լարվածությունը կարո՞ղ է ազդել նաև մեզ վրա:

-Դա սպասելի էր՝ կապված Թուրքիայի արտաքին քաղաքականության նկրտումների հետ: Եվ, ընդհանրապես, այդ երկու պետությունների հակասությունները նոր երևույթ չեն: Ի վերջո, նրանք տարածաշրջանային մրցակիցներ են: Այդուհանդերձ, չեմ կարծում, որ Թուրքիան կփորձի ՌԴ-ի հետ իր հակասությունները տեղափոխել Հայաստանի վրա: Բայց դրանք Թուրքիային ավելի կհեռացնեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունից:

Ինչ եք կարծում, ինչո՞ւ է Թուրքիան փորձում վատթարացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

-Թուրքիան հետամուտ է իր արտաքին քաղաքական կուրսին ու դրա խնդիրների լուծմանը: Բոլորովին էլ զարմանալի չէ, որ Սիրիայում իրավիճակի սրացման պայմաններում տուժում են նաև ՌԴ-ի հետ հարաբերությունները: Նրանք բավական ընդգծված տարբեր դիրքորոշումներ ունեն սիրիական խնդրի կարգավորման հարցում:

Իսկ ինչի՞ է ձգտում Թուրքիան իր այսօրվա քաղաքականությամբ:

-Եթե կարճ՝ ամրապնդել իր դիրքերը, հաստատել գերակայություն մերձակա տարածաշրջաններում, որը հայտնի է նոր-օսմանիզմ անունով:

Եվ ո՞ւր կարող է հասնել:

-Դժվար է այդքան երկարաժամկետ կանխատեսում անել: Միտումն ակնհայտ է՝ Թուրքիան ձգտում է դառնալ տարածաշրջանային գերտերություն, որն իր շուրջը կհամախմբի մերձակա տարածաշրջանները և կդառնա տարածաշրջանային բևեռ:

Խոսենք նաև մեր մյուս հարևան Իրանի մասին: Հավանական համարո՞ ւմ եք Իրանա-ամերիկյան բախումը, մի՞թե այս բախումը տարածաշրջանում պատերազմական դրություն չի հասոունացնի:

-Այս պահին դա հնարավոր, սակայն քիչ հավանական է, իսկ ինչ զարգացում կունենա, կմեծանա՞ արդյոք հավանականությունը, դժվար է ասել: Կախված է մի շարք հանգամանքներից: Ակնհայտ է, որ թերևս ամենաշատն այդպիսի բախման մեջ շահագրգռված է Իսրայելը: Սակայն ակհայտ է նաև, որ Իրանի դեմ պատերազմը կլինի ոչ միայն խիստ անորոշ հեռանկարով ու ժամկետներով տարածաշրջանային պատերազմ, այլև անկանխատեսելի հետևանքներ կունենա գլոբալ մասշտաբով: Դա գիտակցում են և՛ Իրանում, և՛ Արևմուտքում: