Փորձում են վիժեցնել երկխոսությունը

10

Հայ Ազգային կոնգրեսը օգոստոսի 9-ին ՀԱԿ 7 ակտիվիստների հետ կատարված միջադեպի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Հերթական միջադեպի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն:

Սրանով, սակայն, ոստիկանության գործած ապօրինությունները չեն ավարտվում: Մասնավորապես
– ոստիկանության կողմից արգելվել է երիտասարդներին ցուցաբերել բուժօգնություն` անգամ շտապօգնության բժշկի կողմից վնասվածքներն արձանագրելուց հետո
– դատավարական ձևակերպում չեն ստացել նրանց ստացած վնասվածքները, և երիտասարդները չեն ներկայացվել դատաբժշկական փորձաքննության, մինչդեռ ոստիկանի նկատմամբ այս ընթացակարգը պահպանվել է
– բերման ենթարկվելուց հետո 20 րոպե անց ժամանած փաստաբաններին միայն ժամանելուց 40 րոպե անց է հաջողվել մուտք գործել բաժանմունք, սակայն օրենքի բացահայտ անտեսմամբ փաստաբանները չեն ներգրավվել գործին: Ավելին, բաժանմունքում փաստաբանների նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, նրանց շուրջ 1 ժամ ապօրինաբար զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, խլել են փաստաբաններից մեկի հեռախոսը:
– փաստաբանների` գործին ներգրավումը մերժելու պայմաններում ընդունվել է ձերբակալման մասին ապօրինի որոշում:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է այս սադրանքը, դիտարկում այն, որպես իշխանությունների արձագանք երկխոսության շրջանակներում սկսված արտահերթ ընտրությունների մասին բովանդակային քննարկմանը: Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած ծավալուն փաստաթուղթն, ըստ էության, անհարմար վիճակի մեջ է դրել վարչախմբին և նման քայլերով փորձ է արվում վիժեցնել բովանդակային այս քննարկումը: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ չունենալով փաստարկներ` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձևավորման՝ Հայ Ազգային Կոնգրեսի հիմնավորումների վերաբերյալ, ռեժիմը դիմում է Կոնգրեսի դեմ պայքարում իր համար սովորական դարձած բիրտ ուժի կիրառմանը։ Բացառված չէ նաև, որ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև սկսված երկխոսությունը։

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր երիտասարդներին և օրենքով սահմանված կարգով պատժել բոլոր այն ոստիկաններին, ովքեր բռնություն են կիրառել ինչպես նրանց, այնպես էլ փաստաբանների նկատմամբ»: