Փաստաթղթերի կեղծում և խոշոր գումարների հափշտակում

19

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Ժեմա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ: Դատախազությունից մանրամասնում են, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ժեմա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Վարդազարյանը, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շահազիզի փողոցի և Կարբի գյուղի համայնքային ճանապարհների հիմնանորոգման ընթացքում ամբողջ ծավալով չկատարելով նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները, 2007թ. ընթացքում Արագածոտնի մարզպետարան ներկայացրած կեղծ կատարողական ակտերում հավելագրումներ կատարելու միջոցով խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի` 2 602 700 դրամ գումար:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը «Ժեմա» ՍՊԸ-ի տնօրենի կողմից փաստաթղթեր կեղծելու միջոցով խաբեությամբ գումար հափշտակելու վերաբերյալ նյութերով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Աղբյուրի հաղորդմամբ, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Էրեբունու շինվերանորոգում» ԲԲ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Էրեբունու շինվերանորոգում» ԲԲ ընկերության տնօրեն Ա. Այվազյանը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի թիվ 5 և Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների հիմնանորոգման ընթացքում ամբողջ ծավալով չի կատարել նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները և 2007-2008թթ. ընթացքում Արագածոտնի մարզպետարան ներկայացրած կեղծ կատարողական ակտերում հավելագրումներ կատարելու միջոցով խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի` 2 887 700 դրամ գումար:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: