Րաֆֆի Հովհաննիսյանը ինքնաբացարկ է հայտարարել

9

«Ես որոշեցի ինքնաբացարկ հայտարարել եւ իմ թեկնածությունը հանել թիվ 7 ընտրատարածքից: Այդուհանդերձ, ամենայն բարիք ու հաջողություններ եմ մաղթում իշխանական ու ընդդիմադիր բոլոր թեկնածուներին, ովքեր պետք է մասնակցեն առաջիկա ԱԺ ընտրություններին»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նշեց, որ այս որոշմանն է հանգել այն բանից հետո, երբ հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի հետ, և առաջարկել միասնական ճակատով պայքարել: Հովհաննիսյանը առաջարկել է 21 ընտրատարածքներում բոլորը միասին պայքարեն ՀԱԿ-ի համար, իսկ 7-ում՝ «Ժառանգության» թեկնածուների համար: Սակայն «Ցավոք սրտի, պետք է նշեմ, որ ՀԱԿ-ը մերժեց մեր այդ համագործակցության առաջարկը, սակայն ես բոլորին մաղթում եմ հաջողություն և հայտարարում եմ ինքնաբացարկ և հեռանում եմ մեծամասնական ճակատով պայքարից»,- ընդգծեց բանախոսը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Ժառանգության» ներսում կատարվող խմորումները բուռն քննարկումների առիթ էին դարձել, հատկապես համամասնական ցուցակում ընդգրկված անունների և հերթականության հետ կապված: