Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին երկու օրերի ընթացքում նկատելիորեն աճել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվական ծառայությունը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, միայն սեպտեմբերի 18-ին և 19-ին ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 450 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 100 անգամ: «Հատկանշական է, որ ադրբեջանական կողմի ձեռնարկած նախահարձակ գործողությունների այսօրինակ ակտիվությունը հատկապես աննախադեպ բնույթ է ստանում ԼՂՀ-ում կամ ՀՀ-ում անցկացվող տոնական օրերի նախաշեմին, ինչն ըստ մեզ, նպատակ է հետապնդում որևէ կերպ ազդել կազմակերպվող միջոցառումների ընթացքի և, իհարկե, հայ հասարակության տրամադրության վրա», -նշում են ՊԲ լրատվական ծառայությունից: