Տիգրան Սարգսյանն այս լափշան դեռ շատ է հիշելու

13

Վարչապետը իր գլխին թափված լափշան, դեռ երկար է հիշելու: Սարգսյանի համար այս տարին շատ բարդ ու դաժան էր: Նախ այն, որ սրվել են նրա ղեկաված կառավարությունից դժգոհությունները, հետո բարգավաճցիների հետ մուկն ու կատու է խաղում, հետո հակաիշխանական խորհուրդներ է տալիս, և վերջը գործը հասավ նախագահին, ով անձամբ մատը թափ տալով Սարգսյանի վրա` մեկ անգամ էլ հիշեցրեց իր տեղը, կամ գուցե սթափեցրեց: Տիգրան Սարգսյանի քաջագործություններին ու նրա «լոռվա» միամտությամբ արած քայլերին շատ ենք անդրադարձել, բայց հիմա հասել է թնջուկը քանդելու ժամանակը: Այսօր վարչապետից մեր երկրում բոլորն են դժգոհ, սկսած շարքային բանվորից, մինչև նախագահ: Տնտեսությունից բան հասկացող ու չհասկացողները բարձրաձայնում են, որ Սարգսյանի կառավարությունը լավը չէ, դեմ է գործում ժողովրդի ու պետության շահերին, կոռումպացված է, անվերահսկելի է: Իհարկե, այդ ամենը կա ու միշտ էլ եղել է բոլոր վարչապետների կառավարման օրոք: Իսկ ինչ արեց մեր վարչապետը, որ ամենաշատ բողոքները հենց իր վրա է գալիս: Տիգրան Սարգսյանի բախտը չբերեց այն հարցում, որ շատ հեռու է իր իսկ մասնագիտությունից: Այն, որ հանքարդյունաբերությունը մի քանիսի ձեռքում է, դա չի նշանակում, որ Տիգրան Սարգսյանն է տվել այդ ոլորտը մի քանիսի ձեռքը, երևույթը դեռ ավելի վերեվներից է գալիս: Այն, որ դեղի շուկան մի քանի հոգի են իշխում, ու այդ բոլոր եկամուտները մի քանիսի գրպանն են մտնում, դրանում նույնպես վարչապետի մեղքը փոքր է: Վարչապետը մեղավորություն ունի այն հարցում, որ այսքան տարի չի կարողացել իր իսկ կողմից ղեկավարվող կառավարության անդամներին հասկացնել, որ կառավարությունն իրենն է, նրան տեսնելով բոլորը հասկանում են, որ նա դրված մարդ է ու երբ տերերին չգոհացնի, դուրս կմղվի համակարգից: Այսօր հենց այդ օրն է, երբ նախագահ Սարգսյանը վարչապետին ասում է, որ գործդ լավ չես արել: Նախագահն այսօր ինքն է բարձրաձայնում, որ երկրում տիրում է օլիգարխիան, չինովնիկները կոռումպացված են, տնտեսական դաշտը մենաշնորհային է, հարկային դաշտը անվերահսկելի է: Բոլորս էլ գիտեինք այդ մասին: Սարգսյանն էլ նոր չէր տեղեկանում: Ժողովուրդը համաձայն է, որ դաշտը չափազանց արատավորված է, ու եթե իրականում նախագահի խոսքերը լուրջ բարեփոխումների մասին են, ու դրանք իրոք կատարվեն, ապա Հայաստանը կունենա ամենալավ նախագահը, ով կատարում է ժողովրդի կամքն ու քայլում նրանց հետ նույն ճանապարհով: Ժողովուրդն էլ իհարկե կլինի միշտ նման նախագահի կողքին: Բայց միթե մենք, իրոք, կտեսնենք այդ փոփոխությունները: Այստեղ կրկին փոքրանում է Տիգրան Սարգսյանի գործոնը, ով կրկին անգամ գործիք էր, որը օգտագործվեց, բայց այդպես էլ լավ չաշխատեց, իսկ բոլորիս էլ քաջածանոթ է, թե ինչպես են վերաբերվում նման գործիքների հետ: Իհարկե, դեն են նետում: Սակայն վարչապետին դժվար թէ նախագահը պահանջի, որ լքի պաշտոնը, հիմա Սարգսյանը ոչ ժամանակ, ոչ էլ կարիք ունի նրան պաշտոնից հեռացնելու, չնայած որ մեծ PR կլիներ Ազատիչի համար այս պահին Տիգրան Սարգսյանին հեռացնելը, և ներքին, և արտաքին խնդիրների լուծման հարցում: Այսօր նախագահ Սարգսյանը վարչապետի ու նրա նախարարների վրա մատ թափ տալով` ցույց տվեց, որ ասողն ինքն է, ու ոչ ոք չի կարող ավելորդ որևէ քայլ անել: Իրականում Սերժ Ազատիչը միշտ էլ գիտեր այդ բոլոր խնդիրների, չարաշահումների ու մենաշնորհների մասին, սակայն հենց հիմա էր ժամանակը դրանք կոնկրետ մարդկանց գլխին շուռ տալու: Եվ Ազատիչը պահը չկորցրեց` վարչապետին դարձնելով շարքային զինվոր, ով չի կատարել իր զինվորական պարտքը: Դե Գերագույն հրամանատարը պետք է հիշեցներ չէ՞, ով ով է: