Wikileaks կայքը հրապարակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի 2007 նոյեմբերի 19-ի 07YEREVAN1364 համարի հաշվետվությունը, որում մասնավորապես խոսվում է Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքի մասին, թե ընդդիմության` իր շուրջ համախմբվելու դեպքում խոստանում է երեք տարի անց հրաժարվել նախագահի պաշտոնից: Փենինգթոնը այս հայտարարությունը համարել է խորամանկ քայլ:
«Երկար սպասված ներողություն» ենթավերնագրի տակ ամերիկացի դիվանագետը տեղեկացնում է, որ հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը ներողություն է խնդրել իր կառավարման տարիների սխալների համար: «Ամերիկացիների համար այս ներողությունը իրական չէ: Նա «ներողություն» է խնդրել այն բանի համար, որ պատերազմի պահանջներով կամ հետևանքով երկրում ստեղծվել է տնտեսական ծանր իրավիճակ (ինչն իհարկե նրա մեղքը չէ) և նաև այն բանի համար, որ երկրի ղեկի կառավարման կարևոր օղակներում նշանակել է ներկայումս իր քաղաքական ախոյան Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ովքեր հետագայում` 1998-ին հեռացրին ԼՏՊ-ին նախագահի պաշտոնից,- գրել է Փենինգտոնը,- Այնուհանդերձ կան նշաններ, որ առնվազն հայերի մի մասը դրանք ընկալում են որպես փաստացի ներողություն ու հաշտեցման նշան»:
Այնուհետև ԱՄՆ փոխդեսպանը նշում է, որ Տեր-Պետրոսյանի ելույթի մեխը իր շուրջ համախմբվելու դեպքում երեք տարի անց նախագահի պաշտոնից հրաժարվելու ու քաղաքական դաշտից ընդհանրապես հեռանալու մասին խոստումն էր: «Անկախ այն բանից նա շանս ունի թե, ոչ, ԼՏՊ-ն վերջին երկու ամսում դարձել է նախագահի պաշտոնի համար վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակիցը: Երեք տարի հետո հրաժարական տալու խոստումը ևս մեկ խորամանկ քայլ է»,- նշել է Փենինգտոնն ու մեկնաբանել,ո ր դա քաղաքական ռազմավարությունն է, որի նպատակն է «կարճաժամկետ հատվածում ժառանգորդ դառնալու» հույսով իր կողմը գրավել ընդդիմադիր մրցակիցներին: «Դա կարող է հատկապես գրավիչ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի համար, ով հարցումների համաձայն Հայաստանի ամենաժողովրդական քաղաքական գործիչներից մեկն է, բայց այս ցիկլում նախագահի պաշտոնին հավակնելու համար որին տաս տարվա քաղաքացիությունը չի բավականացնում»: