Իմ զրուցակիցն Արտաշատի բնակիչ է: Եվ ինքը, և ամուսինն ունեն բարձրագույն կրթություն: Աշխատանք չունենալու պատճառով որոշել են իրենց մի կտոր հողում բերք ու բարիք մշակել, վաճառել ու ինչպես իրենք են ասում` լավից- վատից ապրել. «Գյուղացու օրը օր չի: Մի կերպ պարտք անելով, տանջվելով, չարչարվելով սաղ տարին սպասում ենք, որ տանենք ծախենք, էն էլ վերավաճառողները չեն թողնում: Ճար չունենալով էժան գնով իրանց ենք ծախում, թե չէ, կռիվ դավի է լինում ու իրանք են հաղթում»,-ասում է գյուղացին: Իսկ մեկ այլ գյուղացի պատմում է. «Ավտոս լցրեցի բանջարեղենով ու մրգով գնացի քաղաք` մոտիկ տեղերը, ասեցի շենք –շենք անցնեմ ծախեմ: Մեկ էլ տենամ ի՞նչ` ղժղժոցով եկան շուկայի աշխատողներն ու սկսեցին առնողներիս ցրել, իմ հետ էլ մի լավ կռվեցին ու ճամփու դրեցին»: Բայց ճարպիկ գյուղացիներ էլ են պատահում ինչպես օրինակ տիկին Գոհարը: Նա Արմավիրի մարզից է, ձմերուկ են աճեցնում: Բերում է քաղաք, շենք-շենք անցնում ու ծախում, ով որ էլ փորձում է նրան չթողնել վաճառել ձևը գիտի. «Մի լավ շշպռում եմ ու իմ գործը անում: Նրանք ով են, որ ինձ չթողեն, ես երեխա եմ պահում»:
Այն, որ գյուղացու գլխով շատ սև ամպեր են անցնում, դա հաստատ է, ու գիտեն ոչ միան գյուղացիները, բայց հարցը ասես լուծում չունի: Թվում է, թե այս մենամարտում պետք է հաղթեին վերավաճառողները, սակայն նրանք էլ գոհ չեն իրենց գործից. «Մի կերպ աշխատում էինք, եկան հանեցին, թե փողոցային առևտուր չի լինելու, եկանք թանկ ու կրակ շուկան, մեկ էլ գյուղացիներն են գալիս հաճախորդ փախցնում: Էն օրը ես մի հատ գյուղացու հետ մի լավ կռվեցի ու ճամփու դրեցի: Բա ինչ անեմ, թողնեմ հացիս վայիս լինի»,- ասում է Նազիկը:
Իրականում ամենաշատը տուժում են գնորդները. գյուղացին էժան է ծախում չեն թողնում, վերավաճառողն էլ տեղի խնդիր ունի, թանկ է ծախում: Տիկին Գոհարին ծանոթ է այս անցուդարձը. «Լավ էժան են տալիս, շատ հարմար է իրենցից առնել»: Քաղաքացիները զգացել են նաև, որ գյուղացին արդար է և կշռի մեջ չի խաբում:
Գյուղացի- վերավաճառող խնդիրն իսկապես առկա է ու ամենավատն այն է, որ սովորական խնդիր չէ, այլ` մտահոգիչ: Բայց կարծես թե մտահոգվողները ոչ շատ են ու ոչ էլ շատ են մտահոգված: Հակառակ դեպքում` իրավիճակն այսպիսին չէր լինի: Փորձեցինք պարզել` արդյո՞ք մտահոգում է այս խնդիրը Գյուղատնտեսության նախարարությանը: Պարզվեց` ոչ: Հասրակայնության հետ կապերի վարիչ պարոն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք նման խնդրով չեն զբաղվում, միայն օժանդակում են արտադրական պրոցեսներին: Իրենց մոտ գյուղացիները չեն բողոքել, եթե բողոքեն էլ, ապա ոչինչ չի փոխվի. «Թող գնան ոստիկաններին բողոքեն»,-խորհուրդ է տալիս նա:
Հարց է առաջանում, արդյո՞ք գյուղ. նախարարության իրավասության մեջ չի մտնում օգնել գյուղացիների ապրանքը իրացնել, ի վերջո լուծել նրանց խնդիրը: Ո՞վ է պատասխանատուն: Մենք փորձեցինք պարզել տարբեր գերատեսչություններից ու պարզվեց, որ գյուղացի- վերավաճառող կոնֆլիկտը բացի վերջիններից ոչ մի պաշտոնյայի էլ չի մտահոգում: Իսկ թե ով է պատասխանատուն, դա կարծես թե ոչ գյուղացուն, ոչ էլ առավել ևս` գնորդներին է հետաքրքրում: Կարևորը մի կողմից, թե երբ կթողնեն հանգիստ խղճով վաճառել իրենց ապրանքը, մյուս կողմից, երբ կարող են մարդիկ գնել ավելի էժան և «մաքուր քաշով» միրգ ու բանջարեղեն: