Վարչապետն ուզում է ձերբազատվել սովետական համակարգից

8

«Չնայած հասարակական ընկալման առումով մենք ունենք 5 տոկոսանոց բարելավում, կոռուպցիան փուլ առ փուլ նվազում է, և դրան էապես նպաստել է 2011 թ. բուհերի ընդունելության քննությունների կազմակերպումը, խնդիրը շարունակում է մնալ լուրջ։ Աննախադեպ է եղել այս տարին, երբ ոչ մի կոռուպցիոն դեպք չի արձանագրվել, բողոք չենք ունեցել, արդար և ազնիվ գործընթաց է եղել։ Արդյունքում մենք ունենք որոշակի առաջընթաց։ Բայց նաև դեռևս բարվոք վիճակում չենք գտնվում և լուրջ անելիքներ ունենք։ Այս օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են, որպեսզի հակակոռուպցիոն լիակատար և միասնական գործիքակազմ ունենանք»,-նշել է վարչապետ Տիգրան Սարգսյան խոսելով կրթական համակարգի փոփոխությունների մասին: Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որը թելադրված է տեսչական բարեփոխման իրականացման, կրթական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կրթության ոլորտում իրականացվող պետական վերահսկողության գործընթացը կարգավորող իրավական ակտերի առանձին դրույթներում առկա տարընթերցումների ու թերությունների շտկման անհրաժեշտությամբ։Կառավարությունն իր որոշմամբ լրացումներ է կատարել «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության կանոնադրության մեջ։ Սակայն, ինչպես նշել է ՀՀ վարչապետը. «Մենք փուլ առ փուլ պետք է ներդնենք միջազգային լավագույն չափանիշները և այս սովետական համակարգից ձերբազատվենք։ Հասկանալի է` միանգամից դա հնարավոր չէ անել և պետք է կապված լինի բուհական բարեփոխման հետ, որպեսզի մեր բուհերի ընդհանուր վարկանիշը կտրուկ բարձրանա, և կարողանանք եվրոպական համակարգ ներդնել։ Այս պահին դեռևս պահպանում ենք ԲՈՀ ինստիտուտը, հստակեցնում կանոնադրությունը, բայց պետք է հասկանալի լինի և՛ ԲՈՀ-ի համար, և՛ մեր հանրության, որ այս հին համակարգը մենք չենք պահելու»։