Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը պաշտոնական այցով Հարավկովկասյան տարածաշրջանում է: Այցը մեկնարկել է Հայաստանից և կշարունակվի Վրաստանում ու Ադրբեջանում:
«Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումին Եվրոպական խորհրդի նախագահը նշել է, որ Հայաստանը Եվրոպային մոտեցնելու համատեղ ծրագիրը կաշխատի և կիրականացվի մի դեպքում.«Քաղաքացիական հասարակությունը պետք է հետևողական լինի Հայաստանի իշխանությունների կողմից՝ բարեփոխումներ իրականացնելու հանձնարարությունն իրականացնելու հարցում»,– ասել է նա:
Նշենք, որ Ռոմպոյը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկելու է Հայաստանի հանձնառությունը բարեփոխումների ուղղությամբ. «Կհորդորեմ և կխրախուսեմ նախագահ Սերժ Սարգսյանին և պատգամավորներին անել այնպես, որ ՀՀ-ն շարունակի իր ճանապարհը մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատ խոսքի, ազատ մամուլի ուղղությամբ: Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է, թեև անելիքներ դեռ շատ են»,- ասաց Վան Ռոմպոյը:
«Մենք կշարունակենք տրամադրել ֆինանսական աջակցությունը քաղաքացիական հասարակությանը՝ իրական բարեփոխումների՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության կայացման հարցերում»,- ասել է Ռոմպոյը` հավելելով, որ Եվրամությունը ողջունում է այն ջանքերը, որ Հայաստանն իրականացնում է ավելի թափանցիկ ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ:
Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ. «Առանց հասարակությունների ներգրավման, բանակցությունները կարող են ձախողվել: Հասարակությունների միջև երկխոսությունը կարևոր է տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու հարցում: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և առաջարկում ենք մեր աջակցությունը բարձր ներկայացուցչի միջոցով, որը կոչված է դյուրացնելու իրավիճակը»,- շեշտել է ԵԽ նախագահը: