Սպասում ենք Սարկոզիին

10

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի իր գործընկերոջը՝ ԱԳ նախարար Ալեն Ժյուպեին:

Ըստ ԱԳՆ մամլո ծառայության` երկուստեք գոհունակություն է հայտնվել բարձր մակարդակի փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային լայն հենքի, միջխորհրդարանական ամուր կապերի, ապակենտրոնացված ինտենսիվ համագործակցության, Հայաստանում ֆրանսիական ընկերությունների աճող ներկայության կապակցությամբ:

Ալեն Ժյուպեն ընդգծել է, որ հիրավի Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորվել են սերտ եւ բարեկամական փոխհարաբերություններ:

Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, միջազգային եւ տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների: Նախարարներ Նալբանդյանն ու Ժյուպեն արձանագրել են, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումներն համընկնում են:

Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները եւ այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ֆրանսիական համագործակցության շուրջ, անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը:

Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտվեց հիմնահարցի խաղաղ եւ բանակցային լուծման այլընտրանքի բացակայությունը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի կառուցողական ներգարավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Էդվարդ Նալբանդյանը Ալեն Ժյուպեին հրավիրել է այցելել Հայաստան:

Ըստ մամլո հաղորդագրության` մայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Հանդիպմանը քննարկվել են այս տարվա երկրորդ կեսին նախատեսված՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան այցելության, ինչպես նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող հարցեր:

Մայիսի 18-ին նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամների հետ: