Սուրբ Աստվածածինը ապականում են

17

«Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնության անդամները Քանաքեռում, Խաչատուր Աբովյանի տուն թանգարանից ոչ հեռու գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, բացահայտել են մի անհավատալի տեսարան:

Այս կապակցությամբ, նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը միջնադարյան մի քանի պահպանված եկեղեցիներից մեկն է Երեւանում, Հայ առաքելական եկեղեցու անգործության արդյունքում երբեմնի հայկական սրբավայրից դարձել է «Կյանքի Խոսք» աղանդի հավաքատեղիի: Ըստ բնակիչների նրանք վաղ առավոտյան եւ ուշ երեկոյան ժամերին հայ առաքելական եկեղեցու բակում իրենց բարձրաձայն աղոթքն են հնչեցնում՝ խանգարելով բնակիչների հանգիստը: Եկեղեցու շրջակայքի բնակիչները բազմիցս դիմել են տարբեր պետական մարմիններին՝ նկարագրելով եկեղեցու լքված վիճակը եւ դրա անհավատալի հետեւանքները:

Ի հավելումն, լքված եւ անտարբերության մատնված եկեղեցու շրջակայքը, բնակիչների պնդմամբ, դարձել է սիրային հանդիպումների ու գործողությունների վայր, ինչպես նաեւ կռվատեղի թաղի երիտասարդների համար: Եկեղեցին շրջապատող միջնադարյան տապանաքարերի տարածքը վեր է ածվել աղբանոցի: Շնորհիվ տեղացի մի բնակչուհու եկեղեցին ունի դուռ (թեեւ անարվեստ) եւ կողպեք. իսկ լքված եկեղեցու ներսում տեղացիները իրենց տներից բերել են սրբապատկերներ, ի դեպ մեծ թիվ են կազմում ռուսական սրբապատկերները:

Այս իրավիճակի պատասխանատուն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Հայ առաքելական Եկեղեցու Արարատյան թեմն են: Այս իրավիճակը ընդամենը մեկն է հարյուրավոր դեպքերից եւ կարծում ենք կաթողիկոսի հրաժարականը պահանջող մարդկանց համար չի կարելի ի ցույց դնել ավելի խոսուն պատճառներ:

Նախաձեռնող խումբը կոչ է անում լրատվամիջոցներին եւ շահագրգիռ անձանց հետեւողական լինել եւ հասնել հարցի արդարացի լուծմանը»: