Սումգայիթի ջարդերից մազապուրծ. Արյան քաղաք է Սումգայիթը….

16

«Արյուն, ծուխ, դիակներ, հոգեկան հիվանդներ, սոված երեխաներ, արցունք, արցունք, արցունք»,- տարիների հեռվից հիշում է Սումգայիթի դաժան դեպքերի ականատես տիկին Վալենտինան: Անմարդկային վայրագություններից մազապուրծ լինելով՝ տիկին Վալենտինան այսօր ապրում է իր հայրենիքում բազմաթիվ սոցիալական խնդիրներով, սակայն երբեք չի բողոքում իր վիճակից, ոչ ոքից ոչինչ չի ակնկալում:

Իսկ Բաքվում, Սումգայիթում հայերի հանդեպ կատարված ջարդերից, բռնություններից ու նրանց տեղահանումից չնայած անցել է տասնյակ տարիներ, այդուամենայնիվ, ականատեսների հիշողության մեջ դեպքերը դեռ թարմ են, վերքերը թեև չեն արնահոսում, բայց չեն սպիացել: Մի բան նրանց համար պարզ է, այն, ինչ տեղի է ունեցել այդ տարիներին, անմարդկային էր ու դաժան:

«Մենք խանութում էինք աշխատում, եկան ասեցին, որ բոլոր հայերին աշխատանքից ազատել են, չէինք հասկանում, թե որն է պատճառը: Մի քանի ժամ անց, լուրը տարածվեց: 15 թվի շարունակությունն էր: Հիշում եմ` մարդիկ փախչում էին, ամեն տեղ դիակներ, ավտոմեքենաները շուռ էին տալիս, երեխաների աչքի առաջ սպանում ծնողներին, մոր աչքի առաջ կտրատում երեխային»,-հիշում է նա:

Եվ իսկապես այդ ջարդերը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն էին, նույն քաղաքականությունը և նույն գաղափարախոսությունը, դա զութ հայերի դեմ ցեղասպանություն չէր, այլ մարդկության դեմ հանցագործություն: Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության բնաջնջում սկսվեց, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Տասնյակ վիրավորներ և 53 սպանված, ընդ որում սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին:
«Դա հանցագործություն չէր, բարբարոսությունից էլ վատ էր: Մեր հարևանին կնոջ աչքի առաջ կտրատեցին, ահավոր էր, կնոջ հոգեկան աշխարհը խաթարվել էր: Մի օր էլ լուր բերեցին, որ թուրքերը մտել են մեր շենք: Հիշում եմ, չգիտեինք ինչ անել, մեր դուռը թակեցին, տալս իրեն ուզում էր նետել պատշգամբից, բայց փառք Աստծո դուռը չկոտրեցին: Մի հայ ծանոթ ունեինք, այնտեղ, նա կարողացավ մեզ փախցնել և գնացքով ուղարկել Հայաստան: 90 թվականի մարտին եկանք: Այդ մեկուկես տարին ինձ համար կարծես դժխոք լիներ:Նույնիսկ սնունդ չկար, թեև եթե լիներ, միևնույն է, ախորժակ չունենիք: Այդ մեկ տարվա ընթացքում, ես հասկացա, թե որքան դժվար է հայ ծնվել և ապրել: Նույնիսկ ուտելիք չունեինք, մի կերպ ապրում էինք, եթե կարելի է դա անվանել կյանք: Աչքներիս առաջ կոտորում էին: Մեր բարեկամներից շատերին, տարել էին լցրել նավի մեջ և հերթով նետում են ջուրը, կոտորում, կոտորում, կոտորում»,-արցունքները զսպելով պատմում է տիկին Վալենտինան, ով երբեք էլ չի դիմել տեղի իշխանություններին` իրեն կացարան տալու կամ այլ օգնության նպատակով. «Մենք այստեղ բարեկամներ ունեինք, սկզբում իրենց տանն ապրեցինք, հետո քիչ-քիչ կարողացանք բարելավել մեր պայմանները»,-ասում է նա:

Հարցին, եթե հնարավորություն ստեղծվի կրկին վերադառնալ այնտեղ, կգնա, նա միանշանակ պատասխանում է. «Ոչ, այնտեղ ես չեմ թողել նույնիսկ իմ հուշերը, ամենն ինձ հետ բերել եմ այստեղ, հիմա ինձ Սումգայիթը միայն արյուն է հիշեցնում, արյան քաղաքներ են Բաքուն ու Սումգայիթը»,-ասում է նա:

Իսկ Ադրբեջանում հայերի հանդեպ թշնամանքն այնքան մեծ էր, որ մարդկանց հանդեպ պատերազմից հետո սկսվեց պատերազմ շիրիմների դեմ:
Ոչ ոք չի մոռացվել և, ոչինչ չի մոռացվել երախտապարտ հայ ժողովուրդը միշտ էլ հիշելու և գլուխ է խոնարհելու բոլոր այն մարդկանց հիշատակի առջև, ովքեր Բաքվի ջարդերի զոհը դարձան: