Սեֆիլյանը ՀԱԿ-ին թիկունքից հարվածում է

12

Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստները, որոնց դեմ օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով քրեական գործ հարուցվեց, հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Մեկուսարանում գտնվելիս տեղեկացանք, որ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության կողմից մեր նկատմամբ իրականացրած բռնություններն ու զորակցություն հայտնել մեզ:

Բացառություն կազմեց «Սարդարապատ» խումբը, ով թեև «սատար կանգնեց» մեզ` Կոնգրեսի ակտիվիստներիս, բայց չխորշեց այն համեմել Կոնգրեսի հասցեին արված անպարկեշտ հայտարարություններով: Այսինքն, ձևականորեն զորակցություն հայտնելով մեզ, Սեֆիլյանն ու իր շրջապատը, փորձեցին հերթական անգամ շահարկել մեր անունը և սեպ խրել Կոնգրեսի երիտասարդական թևի ու նրա ղեկավար կառույցների միջև։ Այս առիթով մենք ուզում ենք նշել հետևյալը. վախկոտ ու ստրկամիտ են նրանք, ովքեր քաջության մասին հիշում են միայն հարցազրույցներում և հայտարարություններում ու պատահական չէ, որ նման մարդկանց շուրջ հավաքվածների թիվը չի անցնում մեկ տասնյակը, ինչն ասվածի լավագույն ապացույցն է: Նախկին փորձը ցույց է տվել, որ որևէ լարված պահի ոչ Ժիրայր Սեֆիլյանին, ոչ էլ նրա «հեղափոխական» ընկերներին ոչ-ոք չի տեսնում դեպքի վայրում, ոստիկանատների մոտ, դատարանների դիմաց և ոչ էլ մի իրավիճակում, որտեղ բռնության ենթարկվելու փոքր-ինչ վտանգ կա: Բայց մի բանում նրանք հետևողական են. միշտ ամենալարված քաղաքական պահերին, լինի դա հանրահավաքների նախօրեին կամ նման միջադեպերի ժամանակ Կոնգրեսին հարված հասցնել թիկունքից:

Մենք, որպես Հայ Ազգային Կոնգրեսի մեծ թիմի անդամ, հաստատակամ ենք շարունակելու մեր պայքարը երկրում տեղի ունեցող բոլոր տեսակի ապօրինությունների դեմ, իսկ նրանք ովքեր իրական գործի փոխարեն ընտրում են անբարո ճամարտակությունների և հեռուներից փիլիսոփայելու ճանապարհը, այլ բան չեն անում, քան աջակցություն ցույց տալիս ներկա վարչախմբին: