Սեփական կյանքի գիտակցված ոչնչացում

17

Ծնողների բաժանում, ընտանեկան կոնֆլիկտներ, անպատասխան սեր, անհաջող քննություններ, բանակային ոչ այնքան բարեկեցիկ կյանք: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են վարվում նման իրավիճակից դուրս գալու համար: Որոշ պայմաններում, օրինակ անչափահասների համար, այս գործոնը կարող է ընկալվել ավելի ծանր, քան ինչ-որ մեկի մահը: «Ինքնասպանություն»… անցնում է շատերի մտքով: Երևի շատ մարդիկ են ինքնասպանության փորձ արել: Շատերը որոշ ժամանակ անց ծիծաղել են իրենց այդ արարքի վրա, մյուսները էլի են ինքնասպանության փորձեր կատարել, իսկ մյուս մասն էլ այսպես կոչված իրենց բռնած գործը պսակել են հաջողությամբ ու հեռացել այս դառն ու անիրավ աշխարհից: Ի՞նչն է մարդկանց դրդում այդպիսի արարքի, որչա՞փ ուժ և համառություն պետք է մարդ ունենա, որպեսզի ինքն իրեն սպանի: Համարել նրանց էգոի՞ստ, թե՞ թուլամորթ, կամ էլ ուժե՞ղ, կամ… հոգեկան խնդիրներ ունեցող, ոչ ոք չի կարող: Ովքեր են նրանք և ինչու են ընտրել կյանքի այդ վախճանը: Կան հարցեր, որոնք ունեն միայն հավանական տարբերակներ: Վիճակագրության համաձայն` մարդկության 80 տոկոսն իր կյանքի ընթացքում ինքնասպանություն կատարելու մասին է մտածում: Հարկ է նշել, որ ինքնասպանություն գործողներից մոտ 90 տոկոսը այն գործելու պահին զղջում է: Մեր իրականության մեջ ինքնասպանության արդիականությունը դառնում է ավելի ընդգծված, քանի որ մարդիկ ապրում են դեպրեսիայի մեջ ու ապրում են սոցիալապես դժվար շրջանում: Դժվար շրջանում, թե այլ պատճառներով, բայց աշխարհում տարեկան ինքնասպանություն են կատարում 500.000-ից ավելի մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը հասնում է միլիոնների: Հայաստանում, բարեբախտաբար այդ թիվը հազարների չի հասնում: Օրինակ 2010թ.–ին մինչև 17 տարեկան` ինքնասպան է եղել 9 անչափահաս (2009թ. համեմատ`3-ով ավել), 18-29 տարեկան` 24 հոգի (2009թ. համեմատ`1-ով ավել)
30-65 տարեկան հասակում` 73 հոգի (2009թ. համեմատ`18-ով ավել) , իսկ 65 տարեկանից ավել` 35 հոգի (2009թ. համեմատ`14-ով ավել). Սրանք ԱՎԾ-ի տվյալներն են: Նույն աղբյուրի համաձայն` հանրապետությունում 2010թ -ի հունվար-հունիս ամիսներին ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի թիվն աճել է 25.8 տոկոսով: Նախորդ տարի մեր երկրում արձանագրվել էր 498 ինքնասպանության և ինքնասպանության փորձերի դեպքեր:
Հոգեբան Աննա Ղազարյանը ինքնասպանության պատճառներից է համարում նաև միայնակության ու լքվածության զգացումը: Հուսալքված մարդը, ըստ հոգեբանի, շատ հաճախ ընդօրինակում է մեկ ուրիշի հուսահատ քայլը:
Հոգեբաններին առավել հաճախ դիմում են կանայք, հետևաբար ինքնասպանություն կատարողների մեծ մասը տղամարդիկ են: Ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի` կա մի հետաքրքիր նրբություն: Եթե տվյալ անձին ինքնասպանության պահին հետ պահես, հնարավոր է նա էլ երբեք չմտածի դրա մասին: Փաստերն ասում են, որ ինքնասպանության փորձ կատարողներից 3-րդը կամ 4-րդն է, որ փորձում է ինքնասպանություն գործել 2-րդ անգամ: Պարզ չէ` որերորդ անգամ է ինքնասպանության փորձ կատարել իմ զրուցակցի հայրը: Մոտ 2 տարի առաջ Դավիթաշենի կամրջից իրեն ցած էր նետել մոտ 50 տարեկան տղամարդ, ում անունը հրապարակել չենք կարող` որդու խնդրանքով: Կարծես թե նա ոչնչի կարիք չուներ, ուներ լավ աշխատանք, համերաշխ ընտանիք, սակայն մի օր աշխատանքի գնալիս սեփական մեքենան կանգնեցրել էր կամրջի հարևանությամբ ու իրեն ցած նետել` մի կողմից ցավ, մյուս կողմից խայտառակություն թողնելով ընտանիքի անդամներին: Մի քանի օրվա հոգեբույժների այցերը իրենց բնակարան, ընտանիքի անդամներին ոչինչ չտվեցին նրանց համար մինչ այսօր մութ են մնացել ընտանիքի հոր ինքնասպանության պատճառը:
Արդյոք կարո՞ղ են հոգեբանները տալ առաջին հայացքից առանց պատճառ թվացող ինքնասպանության պատճառները: Հոգեբանական գիտությունների թեկնածու, մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, «Այգ» հոգեբանական ծառայությունների հոգեբան Ռուբեն Պողոսյանի խոսքերով առանց պատճառի ինքնասպանությունները միայն առաջին հայացքից են այդպիսին: Դրանք ավելի հաճախ խորքային պատճառներ են ունենում, որոնք աչքի չեն զարնվում, իսկ տվյալ մարդն ունենում է նորմալ վարքագիծ: Պատճառները կարող են լինել տարբեր` մեծ տարիքում արդեն ամուսնացածի նոր սիրահարություն, որը չեն ընդունում ընտանիքի անդամները, աշխատանքի կորուստ, նախկինում ամուսնալուծություն, որը կարող է տարիներ հետո սթերսի պատճառ դառնալ և այլն: Ի դեպ, Ռուբեն Պողոսյանն ասում է, որ եղել է դեպք, երբ իրեն այցելել է մեկը, ով թաքցրել է այցի բուն նպատակը, բայց խոսքի մեջ ասել է, որ իր ունեցվածքը նվիրել է ընկերոջը, որ իրեն այլևս դրանք հարկավոր չեն. «Սա ինքնասպանությանը նախորդող շրջանն է, երբ մարդուն այս կյանքում այլևս ոչինչ պետք չէ, ու չի հետաքրքրում»,-ասում է նա:
Շատերը ու հատկապես հոգեբանները կարծում են, որ ինքնասպանության դեպքերի չափից ավել լուսաբանումը կարող է բացասաբար ազդել նման քայլի պատրաստ մարդկանց վրա: Իսկ արդյոք չարժե արդեն մտածել կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու մասին: Աշխարհը վաղուց այլ չափանիշներ է սահմանում: Ոչ մի երկրում չկան մեր կամուրջների պես` «էստի համեցեք» կամուրջներ: Հոգեբանները թեկուզ պարտադիր են համարում կանխարգելիչ գոտիների կիրառումը, այդուամենայնիվ, ասում են, որ ինքնասպանությունը մարդկության հավերժական խնդիրներից մեկն է , քանի որ գոյություն ունի այնքան, որքան Երկրի վրա ապրում է մարդը: