Սերյան Օհանյանը այցելել է Սպարապետի հարազատներին

12

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին և նրանց շնորհավորել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում գրառել երախտիքի հետևյալ խոսքերը. «Ես և իմ ընտանիքի անդամները խոնարհվում ենք մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ մեր մարտական ընկերոջ, լավագույն մարդու, պետական և քաղաքական գործչի առջև, խոստանում հավերժ պահել նրա հիշատակը, իսկ Հայկական բանակի ողջ անձնակազմով խիստ պարտավորվում կատարել նրա բոլոր պատգամները, լինել միշտ մարտունակ և ապահովել մեր բազմաչարչար ժողովրդի խաղաղ անդորրն ու արարումը»: Պաշտպանության նախարարը ի պահ թանգարանին է հանձնել «Մարտական ընկերոջս» հուշամեդալը` տրված Սեյրան Օհանյանի կողմից Վազգեն Սարգսյանին հետմահու:

Այնուհետև Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի ծնողների հետ զրուցել է հայոց բանակի անցած ուղու, ձեռքբերումների, խնդիրների և Վազգեն Սարգսյանի մասին հիշողություններից: Ի նշան երախտագիտության՝ նախարար Օհանյանը Վազգեն Սարգսյանի մայրիկին՝ Գրետա Սարգսյանին պարգևատրել է «Հայաստանի Հանրապետության Զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական հուշամեդալով: