ՀՀԿ քարոզարշավի հաջորդ բնակավայրը Վայքն էր, որտեղ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ՀՀԿ-ի պլանների և ծրագրերի մասին, որոնք իրագործում և իրագործելու են ընտրություններից հետո: «Մենք Հայաստանի ժողովուրդն ենք, ունենք անելիք այս հողի վրա, և ունենք ասելիք այս աշխարհին: Մենք հայտարարում ենք, որ մեր ծրագրերը միայն այսօրվա և վաղվա համար չեն: Դրանք երկարաժամկետ ծրագրեր են և հետապնդում են հեռահար նպատակներ»,- ասաց Նախագահը:
Նախագահը նշեց, որ գյուղատնտեսությանն ուղղված աջակցությունը, գործարար միջավայրի բարելավումը բերելու է մեր կյանքի և աշխատանքի նոր որակի:
Նախագահ Սարգսյանի խոսքով. «Ոչ մի արգելք կամ հիմնախնդիր չի կարող կասեցնել ժողովրդի դարավոր ընթացքը` ապրելու, արարելու, Նորավանքի նման գլուխգործոցներ արարելու կամքն ու կարողությունը: Մեր պատմության երկար ոլորաններում մենք այնպիսի իրավիճակներ ենք հաղթահարել, որ ներկա կենցաղային խնդիրները գրեթե ոչինչ են դրանց հանդեպ»:
«Այսօր մենք ուժ էլ ունենք, հարգանքն էլ, բայց մեզ ավելին է պետք. Ավելի մեծ ուժ, ավելի մեծ հեղինակություն` տարածաշրջանում և աշխարհում, որովհետև մեր ասելիքն է մեծ, մեր նպատակներն են վեհ», – ընդգծեց ՀՀ նախագահը, նշելով, որ Հայաստանի հասարակությունը համախմբվելու և ավելի վստահ լինելու կարիք ունի: «Ողջ Հայաստանը պետք է աշխատի ժամացույցի նման, բայց այնպիսի ժամացույցի, որը հոգի ունի», – հավելեց Սարգսյանը` կոչ անելով գնալ մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններին` շեշտելով, որ ընտրությունները կենաց ու մահվան խնդիր չեն, ուղղակի չափազանց կարևոր հանգամանք են: