Սերժ Սարգսյանը չի գնա Ազատության հրապարակ

14

«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր նստավայրում անցկացրած ասուլիսի մանրամասները:

Այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստվում է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակում, և եթե այո, ապա ինչպիսի՞ առաջարկներով:

Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չեմ պատրաստվում Ազատության հրապարակ գնալ, պատճառները բազմաթիվ են և բազմապիսի: Նախ պետք է ասեմ, որ իմ ճշգրտումը կայանում է հետևյալում. Դուք ասում եք, որ հինգ հարյուր հազարից ավելի մարդ կանգնած են նրա թիկունքում եւ հրապարակներում են: Ես ուրեմն տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև ես այնտեղ չեմ տեսել ոչ հինգ հարյուր հազար, ոչ հիսուն հազար մարդ: Երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակում է, ինձ համար շատ տարօրինակ է դա: Միջին հաշվով այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է 3000 մարդ: Նախ ես վստահություն չունեմ, որ նրանք բոլորը, մինչև վերջին մարդը քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Եվ երկրորդ` 3000 մարդը, թեև մեզ համար յուրաքանչյուր մարդու կարծիք շատ էական է, կազմում է մեր քաղաքացիների 0.1 տոկոսը: Երեք միլիոնի մոտ ենք, 30 հազարը` մեկ տոկոս, 3 հազարը` 0.1 տոկոսը: Խոսել այն մասին, որ ժողովուրդը հրապարակում է, առնվազն կոռեկտ չէ: Ես այս հարցին ուշադրություն եմ դարձնում, որովհետեւ հրապարակում էլ ասում են` ժողովուրդ, հանուն ժողովրդի և այլն: Այս կապակցությամբ իմ հիշողության մեջ դառը պատկերներ են արթնանում, որովհետեւ աշխարհի եւ բոլոր բարեգործները, և բոլոր չարագործները միշտ խոսել են ժողովրդի անունից և իրենց գործողությունները միշտ զարդարել են խոսքերով, որ իբր նրանք դա անում են հանուն ժողովրդի:

Բոլորդ գիտեք մեր հարաբերությունների մասին ՀԱԿ-ի հետ և բոլորդ գիտեք մեր քաղաքական բանավեճի և այլնի մասին: Սա ասում եմ նրա համար, որպեսզի որևէ մեկը սա երբեք չընկալի որպես հաճոյախոսություն: Եթե հիշում եք` 2008 թվականին մինչև 30 հազար մարդ հավաքվեց Ազատության հրապարակում` լսելու այն թեկնածուի ճառը, որ տարել էր 300 հազար ձայն: Այսինքն գոնե այս դեպքում հավաքվեց ընտրողների 10 տոկոսը: Որտեղ 10 տոկոսը, որտեղ 0.1 տոկոսը… բայց խնդիրը դրանում չէ: Ես սա ասում եմ, որպեսզի ճշգրտումներ մտցնեմ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի գործելու` մարդկանց ասածների մեջ: Իմ խորին համոզմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարելով գործընթացները դուրս դրեց քաղաքական պրոցեսից: Ես գնամ ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ինքս ինձ եմ հարցնում: Գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ: Դե, ինչպես Դուք եք ասում` հնարավոր է, որ առողջական վիճակը շատ գերազանց չլինի, որովհետեւ բանակցություններ չի նշանակում հաճոյախոսություններ փոխանակել, չէ՞. չեմ տեսնում դրա իմաստը: Եթե ես գնալու լինեի, պիտի գնայի մի նպատակով` մեկ անգամ ևս հորդորելու, խնդրելու Րաֆֆի Հովհաննիսյանին` հացադուլ չանել, ընտրել պայքարի (և դիտավորյալ եմ այստեղ բաց թողնում «քաղաքական» բառը) այլ ձևեր: Եվ ես դա հիմա եմ անում: Րաֆֆի Հովհաննիսյան, հորդորում եմ, դադարեցրեք, ես Ձեզ աղաչում եմ, խնդրում եմ… բայց գիտեք, մի կարևոր շատ էական հանգամանք էլ կա. ես չգիտեմ, թե ի՞նչ պայմանով է Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարել: Կարո՞ղ եք ասել, հուշեք ինձ, դուք ինֆորմացիայի տիրապետող մարդ եք: Հուշեք` ի՞նչ պայման է դրել Րաֆֆի Հովհաննիսյանը, ես շատ ուշադիր ծանոթացել եմ նրա ելույթին, որ ցավոք սրտի, ապականված էր հայհոյանքներով, անձնական վիրավորանքներով, ինչը սազական չէ Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց ես այնտեղ մի բան եմ տեսել. Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է` եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին, կեղծ, ընդգծում եմ` կեղծ երդում տա Ավետարանի և Սահմանդրության վրա, ապա, ապա, ապա… Ես երբեք, որևէ անգամ, ի տարբերություն շատ շատերի ոչ կեղծ երդում եմ տվել, ոչ կեղծ բարևներ եմ շռայլել, ոչ կեղծ դիրքորոշումներ եմ ընդունել, ոչ կեղծ ժպիտ եմ հաղորդել իմ դեմքին: Ես բազմաթիվ անգամներ երդվել եմ, երդվել եմ շատ լուրջ գործերի համար: Ապրիլի 9-ի իմ երդումը լինելու է իմ սրտից բխող և ամբողջովին անկեղծ»:

Սարգսյանը նշել է, որ ամեն ինչ իմանալու համար կարիք չունի անձամբ տեսնել և ստուգել, քանի որ դրա համար հատուկ պաշտոնյաներ կան. «Ձեզ սփոփելու համար ասեմ, որ ես կապը չեմ կորցրել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ և նրան վերջերս արել եմ առաջարկություն` իր ասած թեմայով: Եթե հիշում ես, ես մեր հանդիպման մասին խոսելիս ասացի, որ ես նրան առաջարկեցի իր գաղափարները դնել թղթի վրա եւ ուղարկել ինձ, ես էլ իմ գաղափարները դրեցի թղթի վրա, որ ուղարկեմ նրան: Բայց ինչպես միշտ ես իմ խոսքին հավատարիմ մնացի, իմ գաղափարները դրեցի թղթի վրա, ուղարկեցի նրան, իսկ նրանից դեռևս թուղթ չեմ ստացել: Ես նրանից մենակ հոխորտանքներ եմ լսում Ազատության հրապարակում` տեղ-տեղ համեմված անպարկեշտ բառերով: Եթե կոնկրետ առաջարկություն հնչի, ես կոնկրետ պատասխաններ կտամ: Երկխոսությունը չի կարող մարդը միայնակ անել: Չի կարելի միայնակ բանակցել… Պիտի գործընկեր ունենաս: Եթե քո առաջարկությունները չեն ընդունվում, դու պիտի առաջարկություն լսել և ոչ թե ասես` եթե Սերժ Սարգսյանը տղամարդ է, նա պետք է հրաժարական տա: Ես էլ կարող եմ այլ ձևակերպումներ հնչեցնել…»,- ասել է Սարգսյանը:

Ի՞նչ վերաբերվում է առաջարկներին նախագահն ընդգծել է. «Որևէ գաղտնիք չկա: Ես շատ եմ մտածել` ինչ համապետական միջոցառում կարող է լինել: Դուք էլ ինձ օգնեք: Ասեք մի համապետական մեծ միջոցառում, որ կարող էր բավարարել 37 տոկոս քվե ստացած եւ երկրորդ տեղը գրաված թեկնածուին… Ես էլ մի քիչ մտածեցի և գտա, որ կարող էինք մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվել և ստեղծել մի սահմանադրական խորհուրդ, որը կգլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ խորհրդում կընդգրկեր հայ ժողովրդի լավագույն ուժերին, որպեսզի ռազմավարություն մշակի սահմանադրական փոփոխությունների, այնուհետև այդ ռազմավարությունը դարձնեն առաջարկություններ, տանեն համաժողովրդական քննարկման, հրավիրեն փորձագետներ: Այսինքն` լուրջ աշխատանք տանեն և դնեն հանրաքվեի: Եթե մեր ժողովուրդը քվեարկի, ասենք, որ մենք ընդունում ենք Սահմանադրության այս փոփոխությունները: Իսկ մինչեւ այդ աշխատանքը անելը յուրաքանչյուրի մտքով ինչ անցնում է, հրապարակային դարձնելը և պահանջներ ներկայացնելը ես համարում եմ գոնե ոչ արդյունավետ… Այստեղ նորից ուզում եմ այդ խնդրին անդրադառնալ` համամասնակա՞ն, թե՞ համամասնական եւ մեծամասնական, խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական…մարզպետները ընտրելո՞ւ միջոցով, թե՞ նշանակելու և այլն, և այլն: Սրանք բոլորը թեմաներ են, որ պետք է քննարկվեն ոչ թե հուզական մակարդակով, ոչ թե կուսակցական շահից ելնելով, այլ մասնագեների մակարդակով»:

Այնուհետև Սարգսյանը պատասխանել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանից ստացել է. «Թե ինչ պատասխան եմ ստացել, ասեմ, մենակ աթոռից չընկնեք. Ստացել եմ պատասխան այսպիսի խաչի տեսքով»: