Սենատը հավանության արժանացրեց Մորնինգսթարի թեկնածությունը

15

Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA)-ն, Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 19-ին կայացած քննարկումների ժամանակ հավանության արժանացրեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը:

Հարավային Կովկասում իրավիճակի ու տարածաշրջանային առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցեր ուղղելուց հետո, Մորնինգսթարի թեկնածությանն են աջակցել նաև հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը:

Պատասխանելով Բոքսերի ու Մենենդեսի հարցերին` Մորնինգսթարը հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված կոչը` «զսպվածություն դրսևորել, կատարել 1994թ.-ին կողմերի միջև ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի պարտավորությունները, ինչպես նաև ձեռնարկել խաղաղությանն ուղղված անհրաժեշտ քայլեր»: Նա վստահեցրել է, որ դեսպանի պաշտոնում նշանակման դեպքում համատեղ ջանքեր կներդնի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ` ուղղված խնդրի կարգավորմանը:

Նա ևս մեկ անգամ խոստացել է, որ կանի հնարավորը Ջուղայի հայկական գերեզման այցելելու համար:
Այժմ նրա թեկնածությանը պետք է հավանություն տա ողջ Սենատը: