Սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռում

106

«Հաստատ թանկացնելու ենք մեր ապրանքը ու շատ էլ լավ ենք անելու»,-ասում են կարտոֆիլ մշակողները:
Շիրակի մարզի բնակիչ Արմեն Աբգարյանն ունի կարտոֆիլի ցանքատարածություններ, վարկ են վերցրել ու հող մշակել. «Սաղ թանկացրել են, բա մենք ինչ անենք, հո կարմիր խաչի օգնություն բաժանողները չե՞նք: Մենք էլ պիտի օգուտ անենք չէ՞: Եղանակը մի կողմից, գների թանկացումը մյուս կողմից: Սաղ թանկացրին, ասեցին դե մշակեք»,-ասում է նա:
«Մենք, որ ասում ենք թանկացնելու ենք, էդ չի նշանակում, որ միլիոններ ենք աշխատելու, 2 կոպեկ ա մնում, սաղ ղեկավարներին ա օգուտ, մեզ ինչ, խեղճ ու կրակ գյուղացի ենք: Ամբիոններից ինչ ասես ասում են. գյուղացուն լավ պիտի պահենք, էս պիտի անենք, էն պիտի անենք: Ա’յ մա’րդ, պետք չի, թողեք գոնե մեր հալալ քրտինքը առնենք»,-սրտնեղում է Նազիկ տատը` Չկալովկա գյուղից: Գյումերցի Համբարձումն էլ դժգոհում է,- «Մենք հույս ունեինք, որ գոնե լավ սպառում կլինի, բայց եթե գները բարձրանա, էլ ինչ սպառում: Այ սենց մնացել ենք կամուակցի մեջ»:
Ագարարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը չի երկմտում, հաստատ գիտի, որ այս տարի բերքատվության կորուստ ունենք. «Ունեցանք տևական երաշտ, որն ազդեց բերքատվության վրա, հիմա ունենք կորուստներ, այսինքն պալարը չձևավորվեց: Բացի այդ` պակասել են նաև ցանքատարածությունները: Կլինի ցածր բերքատվություն»,-նշում է նա: Կարտոֆիլի գները գարնան մոտ ավելի կթանկանան` հասնելով 350 դրամի գուցե նաև ավելիի` սա Հրաչ Բերբերյանի ներկայացրած թվերն են. «Մենք երևի 400 դրամի մոտ կծախենք մեր բերքը»,-ասում է Արմեն Աբգարյանը: Ագրարագյուղացիական միավորման նախագահն ասում է, որ կունենանք մոտ 350 հազար տոննա կարտոֆիլ, բայց պահանջարկը կլինի մոտ 400 հազար տոննայի . «Կրիզիս չի լինի, քանի որ գինը կբարձրանա»: Իսկ գինը բարձարցնելու գյուղացիների պահանջը նա ճիշտ է համարում և զայրանում է. «Սա մեր պետական այրերի չակերտավոր կանոնակարգման հետևանք է: Բարձրաստիճան պաշտոնյաները, մինչև անգամ փոխնախարար ու ավելի բարձր, կուրծք էին ծեծում, որ պարատանյութի գինը կէժանանա 20 տոկոսով, բայց եղավ հակառակը` 20 տոկոսով գների աճ արձանագրվեց: Պիտի առնվազն խեղկատակ լինես, որ նման բան անես: Մի չինովնիկ ուզում էր շուկան իրանով անել ու սենց փաստի առաջ կանգնեցրեց գյուղացիներին»:

Փորձեցինք հետաքրքրվել` արդյո՞ք թանկացել է կարտոֆիլի գինը: Վերավաճառող Կատյան ասաց. «Մի 2 օր առաջ 200 դրամով էինք ծախում, հիմա թանկ ենք բերում ու էսօր 280 եմ ծախել»:
Ստացվում է` ժողովրդական մի հին ասացվածք. «Սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռում»: Ու փոխարեն համապատասխան մարմինները զբաղվեն խնդրով, գյուղացին ու գնորդը հայտնվել են դժվար կացության մեջ: