Սարգսյանի և Ահմադինեժադի համատեղ հայտարարությունը

11

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այցի արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն:

Համատեղ հայտարարություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն Սերժ Սարգսյանի հրավերով 2011թ. դեկտեմբերի 23-ին մեկօրյա այցով Հայաստանում էր գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն Մահմուդ Ահմադինեժադը` բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանդիպեց և բանակցություններ ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հանդիպումներ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Երկու պետությունների նախագահների միջև բանակցություններն ընթացան բարեկամական և փոխըմբռնման մթնոլորտում: Նախագահները քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունների տարբեր ոլորտներին, ներկա վիճակին և համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ, ներկայացրեցին երկու պետությունների տեսակետները տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Մահմուդ Ահմադինեժադը, գոհունակություն հայտնելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, որոնք հիմնված են Հայաստանի և Իրանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել զարգացնելու երկկողմ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահները կարևորեցին երկու երկրների միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և շեշտեցին ս.թ. մայիսի 29-30-ը Թեհրանում կայացած միջկառավարական համատեղ հանձնաժողովի տասներորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև երկու պետությունների միջև ստորագրված այլ փաստաթղթերին հետամուտ լինելու անհրաժեշտությունը:

Նախագահներն ընդգծեցին այդ պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման և ենթակառուցվածքների զարգացման, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդյունաբերության և ներդրումային ոլորտներում փոխհամագործակցության մակարդակի բարձրացման առումով:

Այցի ընթացքում ստորագրվեցին.

– «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին» Փոխըմբռնման հուշագիր:

– «2007 թվականի մարտի 19-ին Մեղրի քաղաքում Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև ստորագրված «Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրում լրացումներ կատարելու վերաբերյալ» Արձանագրություն,

– «ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության մասին» Փոխըմբռնման հուշագիր,

– «ՀՀ բնապահպանության նախարարության և ԻԻՀ բնապահպանության կազմակերպության միջև բնապահպանական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման 2012-2013թթ.» Գործողությունների ծրագիր,

– «ՀՀ ստանդարտների ազգային ինստիտուտի և ԻԻՀ ստանդարտների և արտադրական հետազոտությունների ինստիտուտի միջև» Փոխըմբռնման հուշագիր,

– «Կառուցում-Տնօրինում-Շահագործում-Փոխանցում (ԿՏՇՓ) հիմունքներով Մեղրի հիդրոէլեկտրակայանի կառուցման համար թույլտվության պայմանագրի» վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր

Երկու պետությունների նախագահները գոհունակություն հայտնեցին էներգետիկայի բնագավառում ընդլայնվող համագործակցության կապակցությամբ: Ողջունելով էլեկտրահաղորդման 3-րդ գծի ծրագրի իրագործման սկիզբը՝ նրանք ընդգծեցին այն հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը:

Նախագահները կարևորեցին Արաքս գետի վրա ՀԷԿ-երի, ինչպես նաև երկու պետությունների երկաթուղային ցանցերը միացնող երկաթգծի և Իրան-Հայաստան նավթատարի կառուցման ռազմավարական ծրագրերի իրագործումը: Համապատասխան նախարարություններին հանձնարարություն տրվեց առաջիկա 6 ամիսների ընթացքում գործադրել բոլոր ջանքերը նշված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար:

Նախագահներն ընդգծեցին Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում գործարար շրջանակների տնտեսական և ներդրումային գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությունը:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անհրաժեշտ համարեցին տարածաշրջանում հարատև խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումն ու ամրապնդումը` կարևորելով տարածաշրջանային բազմակողմ համագործակցության խորացումն ու առկա հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը` երկու պետությունների նախագահներն ընդգծեցին խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա հիմնվելով այն հանգուցալուծելու անհրաժեշտությունը:

Երկու պետությունների նախագահները, շեշտելով տարածաշրջանային և միջազգային կարևոր խնդիրների շուրջ համատեղ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, կարևորեցին համաշխարհային խաղաղության և անվտանգության ամրապնդումը:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներն անդրադառնալով մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան վերջին իրադարձություններին` ընդգծեցին տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության, ինչպես նաև ազգային համերաշխության ներքո ժողովուրդների օրինական իրավունքների հաստատման անհրաժեշտությունը:

Նախագահները կարևորեցին զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրը` իրենց հավատարմությունն արտահայտելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրին: Նրանք նշեցին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի և Իրանի իրավունքը: Երկու պետությունների նախագահներն ընդգծեցին բանակցությունների միջոցով և դիվանագիտական ուղիներով Իրանի միջուկային խնդրի կարգավորման կարևորությունը:

Նախագահները, անդրադառնալով միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության խնդիրներին, պատրաստակամություն հայտնեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում համագործակցել նման սպառնալիքների դեմ պայքարում:

Սույն հայտարարությունը հրապարակվեց 2011թ. դեկտեմբերի 23-ին, Երևան քաղաքում, պարսկերեն և հայերեն լեզուներով: