ՍԴ նիստը կշարունակվի մարտի 12-ին. Նիստն անցավ բուռն հարց ու պատասխաններով

12

Սահմանադրական դատարանում Հայաստանի նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումի քննությունը առավոտվանից սկսվել էր: Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբան Կարեն Մեջլումյանի ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումի փաստարկները ՍԴ ներկայացնելուց հետո, դատարանի անդամներն անցան հարցերին։

Դատարանում ներկա էր նաև Զարուհի Փոստանջյանը: Անդրիաս Ղուկասյանն ինքն իրեն էր ներկայացնում:
Քննության ընթացքում Հովհաննիսյանի ներկայացուցիչը մի շարք հարցերի չկարողացավ պատասխանել՝ նշելով, որ դրանց պատասխանները կներկայցնի հաջորդ օրը: Ասենք, երբ հարց ուղղվեց, թե ինչու է միայն 120 բողոք եկել ընտրատեղամասերից: Մեջլումյանը չկարողացավ պատասխանել, նրա փոխարեն պատասխանեց Փոստանջյանը՝ նշելով, որ այդքան ընտրատեղամասում Րաֆֆին չէր կարող փաստաբան ունենալ: Սակայն այս վիճաբանությունը ընդհատեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Հարցուպատասխանի ավարտից հետո խոսք տրվեց մյուս թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ով դատարանում ինքն է ներկայացնում իրեն:

Ղուկասյանն ասաց, որ ինքը կարող է ամբողջական ներկայացնել իր դիմումը, պատասխանող կողմի ներկայացումից հետո: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը առաջարկեց կողմերին բաժանել Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած փաստաթղթերը և նիստը շարունակել մարտի 12-ին: