Հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում ինչպես հասարակությունը, ու որքան էլ զարմանալի է` իրենք ԲՀԿ-ականները, արժանանում են անակնկալների` հենց իրենց` ԲՀԿ-ի վերնախավի կողմից մատուցված: Քննարկենք, ընդամենը 2-3 ամսվա կտրվածքով իրենց վարքագիծն ու լավ, թե վատ անակնկալները: Սկզբում սկսվեց խորհրդարանական ընտրությունների ցուցակներով, երբ այնտեղ հայտնվեցին անուններ, որոնց մասին ոչ ոք չգիտեր, ու հակառակը` նրանք, ովքեր ԲՀԿ-ի համար ժամանակին ամեն բան արել են, հայտնվեցին ցուցակից դուրս: Իսկ բումը եղավ այն ժամանակ, երբ ոչ ավել, ոչ պակաս, նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտնվեց ԲՀԿ-ի ցուցակում: Ու այդ ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանը հավանաբար իր տեղը զիջեց` դառնալով երրորդ մարդը` Ռոբերտ Քոչարյանից ու Վարդան Օսկանյանից հետո: Հետո Օսկանյանի շուրթերով ԲՀԿ-ի թիկունքին կանգնած, բայց ոչ թիկունքում գործող Քոչարյանը սկսեց թերագնահատել ներկա իշխանություններին ու իրենց գործելաոճը: Այդ ընթաքցում ԲՀԿ-ն ստացավ լուրջ առաջարկություններ համագործակցել իրենց արմատական ընդդիմություն համարող ՀԱԿ-ականների հետ: Բայց դա այդպես չեղավ, հասկանալի ու պարզ պատճառներով, որոնց մասին հիմա արդեն խոսելն ավելորդ է, կասեմ միայն այն, որ հենց այդ վարվելակերպն ու գործելաոճը սպասելի էր, թեև Քոչարյանն իր աշխատանքային ողջ գործընթացում որդեգրել էր անականկալների լեզուն: Ընտրություններից առաջացան բազմաթիվ հարցեր. Արդյոք ԲՀԿ-ն կրկին կմտնի կոալիցիայի կազմի մեջ, արդյոք չեղյալ կհամարի այն փաստաթուղթը, որով համարյա երդվել էր` գալիք նախագահական ընտրություններին պաշտպանի Սերժ Ազատիչի թեկնածությունը: Ու պարզվեց, որ ԲՀԿ-ն դեռ շարունակում է անակնկլաներ մատուցել, նրանք հրաժարվեցին կոալիցիայի անդամ դառնալ: Այստեղ հարկ է նկատել, որ նրանք այդ որոշումը հեշտ չեն կայացրել, ավելին` նրանք եղել են խիստ տարակուսանքի` չէ որ թագավորին չենթարկվելը խիստ ռիսկային է: Նրանք որոշեցին ու արեցին, հրաժարվեցին կոալիցիայի մաս կազմել ու չստացան նախարարական պորտֆելները: Բայց նրանք ունեն, այն, ինչ կերազեն շատերը` մամուլում տարածվող լուրերի համաձայն` Ծառուկյանի զենքը Պուտինի > է: Ու հենց այդ >, որ շատերին գցել է երկմտանքի մեջ: Գուցե Պուտինի` ակտիվ քաղաքականություն մտնելն իր հետ բերի Քոչարյանին: Սակայն անակնկալ սիրող Քոչարյանը, միգուցե, փոշմանի ու չմտնի մեծ քաղաքականություն ու կրկին պաշտպանի իր հին բարեկամին և ԲՀԿ-ն այս անգամ ամբողջությամբ կդառնա ռետինե խաղալիք, որին ժամանակ առ ժամանակ օգտագործում ես, բայց չի մաշվում: Ի դեպ, այդ խոսակցությունները ևս ակտիվացել են ԲՀԿ-ի նեղ շրջանակներում: Սակայն նշենք, որ հանրությանը ԲՀԿ-ն ոչինչ չի ասում, շարունակում է մնալ ամորֆ վիճակում և հերքել, իրենց ասելով, սուտ լուերերը: Իսկ առանց կրակ ծուխ չի լինում:
Ինչ վերաբերում է Քոչարյանի` մեծ քաղաքականություն մտնելուն, այն անմիջական կապ ունի ԲՀԿ-ի հետ, քանի որ արդեն բոլորին էլ պարզ է, թե ում է պատկանում իշխանության ու ընդդիմության մեջտեղում կանգնած ԲՀԿ-ն: Մեջտեղում կանգնած լինելը խիստ բարդ է մեր քաղաքական համակարգում, մյուս կողմից էլ անշուշտ, պայմանվորված է ապագա պլանների` դեռևս չհստակեցված լինելու հետ, ինչը սակայն դեռ ձեռնտու չէ ԲՀԿ-ականներին և հատկապես Ծառուկյանին, որի հետագա քաղաքական և ֆինանսական կյանքը կախված է ոչ թե իր, այլ մեկ ուրիշի որոշումից: Նրանք դեռ չգիտեն` ինչ, երբ ու ինչքան խոսեն: Խոսելը դեռ ոչինչ, նրանք սպասում են երաժշտական պատվերին` դեռ պարզ չէ` ինչ պիտի պարեն` տանգո, վալս, թե հաղթական քոչարին: