ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը այսօր հաստատեց իր պաշտոնանկության մասին լուրը, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ինձ նոր են զանգահարել, գիտեմ որ այդ փոփոխությունը լինում ա», – ասել է Ալիկ Սարգսյանը՝ հավելելով, թե իր համար անսպասելի ոչինչ չկա․ – «Ի՞նչ է եղել։ Շատ նորմալ երեւույթ է։ Հավերժական ոչինչ չկա։ Ես շարունակելու եմ ծառայել երկրին, երկրի ղեկավարին, մեր ժողովրդին։ Իմ կյանքում ոչ մի բան չի փոխվելու»։
Այն հարցին՝ ինչո՞վ եք բացատրում պաշտոնից ազատվելը, գուցե վատ աշխատանքո՞վ, Ալիկ Սարգսյանը պատասխանեց, թե նման բան չի կարող լինել․ – «Որովհետեւ իմ ցուցանիշները շատ լավ են, օպերատիվ իրադրությունը վերահսկվում է, հասարակական կարգի խախտում չունեմ, որեւիցէ հարց ոստիկանության բացի հետ կապված այս պահին չունեմ»։
Ոստիկանապետը նաեւ վստահություն է հայտնել, որ իրեն փոխարինողն էլ «պատահական մարդ» չէ։
«Պրոֆեսիոնալ ա, նորմալ ա, որեւիցէ խնդիր չկա», – ասել է Սարգսյանը։ Եվ ճշտող հարցին՝ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի մասի՞ն է խոսքը, ոստիկանապետը պատասխանել է կարճ՝ «այո»։
Ալիկ Սարգսյանը դեռեւս տեղյակ չէ, թե իրեն ինչ նոր պաշտոնի են տեղափոխում:
«Ինչ էլ առաջարկի հանրապետության նախագահը՝ ես քննարկելու ոչինչ չունեմ, առանձնապես պաշտոններ չեմ սպասում։ Նախագահը ոնց որոշի՝ պատրաստ եմ ծառայել, էդ իմ կոչումն ա, ես ուրիշ կոչում այս պահին չունեմ», – եզրափակել է Ալիկ Սարգսյանը։