Ոչ ոք չի կարող կանխատեսել Ղարաբաղյան նոր պատերազմի ելքը

15

Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Արտաքին քաղաքականության հարցերով ամերիկյան խորհրդի ավագ գիտաշխատող, Պետքարտուղարության եւ Պենտագոնի նախկին պաշտոնյա Ուեյն Մերին նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը մոտենում է հալման կետին:

«Խնդիրն այն է, որ չկա ռազմական հավասարակշռություն, ընդհակառակը` առկա է ասիմետրիա հայերի պաշտպանական հնարավորությունների եւ ադրբեջանցիների կուտակած ուժի միջեւ: Ոչ ոք չի կարող կանխատեսել նոր պատերազմի ելքը, բացի այն բանից, որ այն սկզբունքորեն տարբերվելու է առաջին պատերազմից եւ ավելի ավերիչ է լինելու»,- ընդգծել է Մերին:

Իսկ, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումը պատերազմի վերսկսման դեպքում, վերջինս պատասխանել է. «Ո’չ ԱՄՆ-ը, ո’չ էլ Ռուսաստանը բացեիբաց չեն պաշտպանի այս կամ այն կողմին, թեև Ռուսաստանը, անկասկած, պայմանագրային պարտավորություններ ունի Հայաստանի հետ: Նրանք կփորձեն քաղաքական միջոցներով արագ դադարեցնել հակամարտությունը, սակայն միայն Ռուսաստանը ներուժ ունի` Բաքվի կամ Երևանի վրա անմիջական ճնշում գործադրելու»: