Շուխուրա գցել, որ անուն հանի

12

Եղիշե Չարենցի գերեզմանի պղծման շուրջ վերջերս տարածված աղմուկը, շատերը անիմաստ են համարում, քանի որ համոզված են, որ մեծ գրողի գերեզմանը մինչ օրս էլ անհայտ է: Սակայն վերջին շրջանում այդ հարցի պատասխանը տալիս է գրականագետ Հովիկ Չարխչյանը, և նա ասում էր, որ Եղիշե Չարենցի գերեզմանը գտնվում է Երեւանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում` Հրազդան գետի կիրճի ափին` Ռոբերտ Քոչարյանի առանձնատան պարսպի կողքին։ «Նման բան չկա, Եղիշե Չարենցի գերեզմանը գոյություն չունի, հայտնի չէ նրա գերազմանի վայրը»,-ասում է Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Այդ դեպքում, ինչ խաչ է տեղադրված նշված հասցեում. «Դա ինքն է հողաթումբ սարքել, էդ խաչն էլ դրել վրան, ուզում ա նման ձևով անուն հանի: Մանավանդ, որ պիտի նշեմ, որ նշված վայրում իր խոսքերով ասած` ոչ մի վանդալիզմ էլ չի եղել, խաչն ա թեքվել, երևի մեկը մոտով շտապ ա անցել»,-ասաց Լիլիթ Հակոբյանը:

Հովիկ Չարխչյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց` հեռախոսազանգերին անընդհատ չէր պատասխանում: Սակայն հիշեցնենք, որ նա վերջերս տարածել էր մի հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում էր. «Եղիշե Չարենցի գերեզմանը պղծված էր, ոչնչացված էր այնտեղ տեղադրված խաչը, բանաստեղծի դիմանկարը և ցուցանակը, որի վրա նշված էր նրա մահվան օրը: Գերեզմանաթումբը հարթեցված էր, իսկ այնուհետև ծածկված շինարարական աղբով, քարերով և մետաղե թիթեղներով: Թե ո՞վ կամ ովքե՞ր են մարդկային կերպարանքով այն թերմածքները, որ հանդգնել են ձեռք բարձրացնել այդ սրբավայրի վրա, առայժմ հատնի չէ: Սակայն ուզում եմ նշել կարևոր մի հանգամանք: Շատերին է հայտնի, որ Չարենցի թաղման վայրը գտնվում է Երևանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում, Հրազդանի կիրճի եզրին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան պարսպի կողքին: Այդ տարածքը հսկվում է օրուգիշեր ոչ միայն թիկնապահների կողմից, այլև պարսպի տարբեր հատվածներում տեղադրված տեսախցիկներով: Ընդ որում, տեսախցիկներից մեկը գտնվում է հենց Չարենցի գերեզմանի մոտ»:

«Իզուր շուխուր ա գցել, նորից եմ կրկնում Չարենցի գերեզմանի տեղը հայտնի չէ, կան փաստատթղթեր, կան ժառանգներ, որոնք ևս ապացուցում են, որ նման բան չկա, իրա ուղեղով բան ա գտել, բան ա ասում Հովիկ Չարխչյանը, խնդրում եմ հանգիստ թողեք հանճարին»,-ասում է տուն-թանգարանի տնօրենը: