«Ամերիկայի հայկական համագումարի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի անդամ Ադամ Շիֆը կոչ է արել Սենատին և իր հանձնաժողովի գործընկերներին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:
Ադամ Շիֆը նման կոչով մի քանի նամակ է հղել սենատորներ Պատրիկ Լիհիին և Լինդսի Գրեհամին, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեյ Գրենջերին և Նիտա Լոուիին. «Սառնարյուն մարդասպան Սաֆարովին հերոսացնելով` Ադրբեջանն իրականացրել է արդարադատության ամենասարսափելի սխալը: Ուստի, պարզից էլ պարզ է, որ այն բոլոր ներդրումները, որ կատարվել են Ադրբեջանի զինված ուժերում, իրականում անիմաստ էր։ Միացյալ Նահանգներն այլևս չպետք է հանդուրժի ագրեսիայի որևէ դրսևորում Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Իսկ նախագահ Ալիևի՝ ատելությամբ լցված գործողություններն էլ խաթարում են միջազգային հանրության բոլոր ջանքերը տարածաշրջանում առկա խնդրին խաղաղ կարագվորելու համար»,- ընդգծել է Շիֆը:
Ադամ Շիֆը նշել է. «Ադրբեջանը պետք է հատուցի իր գործողությունների համար: Բաքուն շատ է կարևորում Վաշինգտոնից ստացվող օգնությունը, սակայն ոչ այն պատճառով, որ գումարի կարիք ունի, այլ այն՝ որ դա խորհրդանշում է ԱՄՆ-ի հետ մտերիմ հարաբերությունները։ Բայց դադարեցնելով Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը՝ ԱՄՆ-ն իր նողկանքը կարտահայտի Սաֆարովի գործի հետ կապված՝ միևնույն ժամանակ հիշեցնելով Ալիևին, որ ԱՄՆ-ն չի հանդուրժի ագրեսիայի որևէ դրսևորում Հայաստանի և ԼՂ-ի նկատմամբ»: