Նոր պայմանագրային փաթեթի նախապատրաստման աշխատանքներ են տարվում

12

Հուլիսի 6-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով, մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան: Այնուհետև ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիմպան ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները առանձնանում են փոխվստահությամբ, կառուցողականությամբ և դաշնակցային հարաբերություններին բնորոշ հատուկ բովանդակությամբ:

Շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցելության հրավերի և ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Երկու երկրների ղեկավարների միջև շփումների պարբերականությունը կանխորոշված է հայ-ռուսաստանյան դաշնակցային գործընկերության բնույթով, որոնք վերջին երեք տարիներին տեղի են ունենում առանձնահատուկ ինտենսիվությամբ: Դրանով են պայմանավորված նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաճախակի հանդիպումները»:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկու պետությունների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ այդ պայմանավորվածությունները ամբողջապես, հարաբերությունները պետությունների միջև վերընթաց զարգացում են ապրում և հարստանում են նոր բովանդակությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ, անդրադարձան իրավապայմանագրային դաշտի կատարալեգործմանը՝ գոհունակությամբ նշվելով, որ երկու երկրների միջև ստորագրված են շուրջ երկու հարյուր պայմանագրեր, համաձայանգրեր և այլ փաստաթղթեր: Զրուցակիցները ընդգծել են, որ այդ ամուր պայմանագրային հենքը մշտապես թարմացվում և ընդլայնվում է: Այս ենթատեքստում քննարկվել են նոր պայմանագրային փաթեթի նախապատրաստման աշխատանքները, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպումների ընթացքում:

Բանակցությունների օրակարգում են եղել երկկողմ ռազմա-քաղաքական համագործակցությունը, արտաքին քաղաքական համադրումը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը: Երկուստեք գոհունակություն է հայտնվել ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ և պայմանավորվածություն ձեռք բերվել լրամշակել և թարմացնել շուրջ քսան տարի առաջ ստորագրված միջգերատեսչական խորհրդատվությունների մասին արձանագրությունը:

Նախարարները քննարկել են տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով նախատեսվող ծրագրերը, անդրադարձել են Դոնի Ռոստովում հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, գոհունակությամբ նշվել է, որ անցյալ տարվա ինտենսիվ աշխատանքի արդյունքում արդեն գերազանցվել է առևտրաշրջանառության մինչճգնաժամային մակարդակը, և այս տարվա առաջին ամիսների տվյալները լավատեսություն են ներշնչում:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը, բարձր գնահատելով այս տարվա ապրիլին Երևանում կայացած հայ-ռուսաստանյան առաջին միջտարածաշրջանային ֆորումի արդյունքները, նշել են ապակենտորնացված համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները անդրադարձել են նաև հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերին, պայմանավորվել են այս բնագավառում համապարփակ համաձայնագրի մշակումն առաջիկայում ավարտելու վերաբերյալ: