Ամերիկայի Հայկական համագումարն (ԱՀՀ) ակնկալում է, որ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի առաջադրած թեկնածու Ջոն Հեֆֆերնի հաստատման հարցում Սենատը խստապահանջ կլինի: Այդ մասին ասված է ԱՀՀ տարածած հայտարարության մեջ:
ԱՀՀ-ն ներկայացնելով դեսպանի թեկնածուի կենսագրությունից տվյալներ, տեղեկացնում է, որ Հեֆֆերն աշխատել է որպես թուրքամետ Կոնգրեսական Դոուգ Բերեութերի օգնական: «Օրինակ 1995-1996-ին, երբ Հեֆֆերնը աշխատում էր Կոնգրեսականի ղեկավարած միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովում, Բերեութերը քվեարկել է հակահայկական ու ընդհանրապես մարդու իրավունքների հակասող շատ օրինագծերի օգտին», -նշում են Ամերիկայի Հայկական համագումարից:
ԱՀՀ-ն նաև հիշեցնում է, որ Հեֆֆերնի նախկին ղեկավարը դեմ է քվեարկել Թուրքիային ցուցաբերվող ռազմական օգնությունը 25 մլն դոլար կրճատելու մասին նախագծին, որն առաջարկվել էր Թուրքիայում մարդու իրավունքների խատումների ու Հայաստանի ապաշրջափակման կապակցությամբ:
Համագումարը հույս է հայտնում, որ Ջոն Հեֆֆերնը կարող է հաջողությամբ անցնել այդ արգելքը և կներկայացնի Ամերիկայի տեսակետը:
Ջոն Հեֆֆերնը ԱՄՆ Պետդեպարտամենտի Դիվանագիտական բարձրագույն ծառայության անդամ է և ներկայումս աշխատում է որպես ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ: Ավելի վաղ Հեֆֆերնն աշխատել է Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Մալազիայում ու Չինաստանում ԱՄՆ դեսպանատների տարբեր պաշտոններում: