Նորիկ Սարգսյանը կատարելու է հրամանները

17

Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը չհաստատեց այն լուրերը, որ նախօրեին ձերբակալված Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի պաշտոնը ինքն է գրավելու: «Ո՞վ կարող է նման բան հաստատել` ճիշտ է թե ճիշտ չէ: Ես դրա մասին կարծիք չեմ կարող հայտնել: Մենք զինվորական ծառայողներ ենք: Թե ով որտեղ պետք է ծառայի, որոշում է ՀՀ ոստիկանության ղեկավարությունը: Եթե որոշեն, որ կոնկրետ ես պետք է ծառայեմ Ամասիայում, կգնամ ծառայելու, եթե կորոշեն, որ մեկ այլ բաժնի պետ պետք է ծառայեմ, ես պարտավոր եմ կատարելու հրամանները»,- հայտարարեց Ն. Սարգսյանը:

Ի դեպ, Սարգսյանը նաև նախօրոք զգուշացրեց, որ Օհանյանի գործի հետ կապված հարցեր չհնչեցվեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին ձերբակալվել էր ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը` ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով, իսկ օգոստոսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Ստեփան Կարախանյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ՀՀ մարզերում ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք եւ իրեն վստահված շուրջ 277 000 լիտր բենզինից ըստ նպատակի հատկացրել է 121 000 լիտրը, իսկ տարբերությունը՝ յուրացրել: