«Եթե անդրադառնանք անցած հանրահավաքներին, կտեսնենք, որ այդպիսի գնահատականներ տվել են այդ հանրահավաքներից առաջ, և հանրահավաքների արդյունքում այդ գնահատականները չեն արդարացել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի պատասխան ընդդիմության կողմից «ջրբաժանի» վերաբերյալ հայտարարությունների ու ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին հարցին, ասաց Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:
Նա կարևորեց տեղի ունեցած քաղաքական դաշտում որակական փոփոխությունները: «Կարծեք հանրապետության նախագահի հետևողական կոչերը` քանդել անհանդուրժողականության պատերը ներքաղաքական դաշտում, հասնում են իրենց նպատակին: Եվ սա իսկապես չափազանց կարևոր է»,-ասաց Մինասյանը, այն կարևորելով ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլև բարոյական առումով, որովհետև «պետք չէ , որ մեր հասարակությունը երկփեղկված շարունակի իր ընթացքը, պետք չէ, որ թշնամություն սերմանվի տարբեր խավերի կամ քաղաքական ուժերի կողմից միմյանց նկատմամբ: Պետք է գտնել ընդհանուր եզրեր և դրանց առկայության պարագայում լուծել այն բոլոր խնդիրները որոնք առկա են, իսկ խնդիրները բազում են»:
Նա նշեց, որ իշխանությունը լինելով ՀԱԿ-ի հետ տրամագծորեն հակառակ բևեռներում, պետք է կարողանա համադրել ջանքերը այդ խնդիրները լուծելու համար: Ըստ բանախոսի, ժողովրդավարական երկրներն այդ ճանապարհն անցել են, Հայաստանը ևս պետք է անցնի:
«Այդ ճանապարահը պետք է անցնենք շատ ավելի արագ: Այս ճանապարհի դանդաղ ընթացքը պրոբլեմներ է բերում և հասարակության, և տնտեսության, և երկրի արտաքին խնդիրների լուծման տեսանկյունից: Նորը այս բնագավառում այն է, որ այդ կոչերը գտել են իրենց ունկնդիրներին ՀԱԿ-ի շրջանակներում: Ես կարծում եմ, որ սա իսկապես ողջունելի իրավիճակ է, և լավ կլինի, որ բոլորս մեկս մյուսին շնորհավորենք այս առիթով»,-ասաց Գ. Մինասյանը: Աղբյուրը` Panorama.am