Նարիշկին. ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծում կունենա

13

«Եթե գտնվի հակամարտության լուծման այնպիսի ճանապարհ, որը կբավարարի երկու կողմերին, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի հանդես գալ այդ համաձայնության երաշխավոր»,- Բաքվում հայտարարել է ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Տեղեկացնում է APA գործակալությունը:

Նարիշկինը նշել է, որ Ռուսաստանը միշտ կողմնակից է Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը, և այս համատեքստում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մեծ նշանակություն ունի:

«Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում անփոփոխ է: Մենք դեմ ենք ԼՂ հակամարտության լուծմանը` պատրաստի բանաձևերով: Մենք համոզված ենք, որ այդ խնդիրը կլուծվի, եթե երկու կողմերի շահերը բավարարվեն: Ռուսաստանը պատրաստ է նման համաձայնության երաշխավորը դառնալ: Սակայն հակամարտության կարգավորման պատասխանատվությունը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդների վրա»,- ասել է նա:

Նարիշկինը հիշեցրել է, որ ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են 10 անգամ:

«Այդ հանդիպումները չի կարելի բացարձակ անարդյունավետ համարել: Դրանք թույլ են տվել բացահայտել կողմերի դիրքորոշումը` հակամարտության լուծման ճանապարհին»,- ասել է նա:

Պետդումայի նախագահը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ:
«Մենք միշտ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը` ուժի կիրառման և սպառնալիքի անընդունելիության վերաբերյալ: Ես լավատես եմ և հույս ունեմ, որ այդ հակամարտությունը խաղաղ լուծում կունենա»,- ասել է Նարիշկինը: