Մարտի 1-ի զոհերի հարազատները նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին` առ այն, որ մարտի 1-ի սպանությունները ոչ իրավաչափ գործողությունների հետեւանք էին։
Նշենք, որ կառավարությունը մերժել էր «Ժառանգություն» խմբակցության առաջարկը` մարտի 1-ի զոհերի հարազատներին եկող տարվա բյուջեից 500 միլիոն դրամի փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ: Խորհրդարանական ընդդիմությունն իր առաջարկը հիմնավորել էր այն հանգամանքով, որ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի ժամանակ նրանք դարձել են պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների զոհ: Մինչդեռ կառավարությունը իր մերժումը պատճառաբանել էր նրանով, թե համոզված չէ, որ զոհերի մահը ոչ իրավաչափ գործողությունների հետեւանք է եղել:
Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանը, Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, ով նաեւ «Մարտի 1» հասարակական կազմակերպության փոխնախագահն է, գտնում է, որ մարտի 1-ի սպանությունները բացահայտված են, իրավաչափությունը` ըստ վարչապետի բացահայտված չէ, «մենք պնդում ենք, որ բացահայտված է, ինչի մասին է խոսքը»: Քլոյանը նկատի ունի Սամվել Նիկոյանի գլխավորած խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը այն մասին, որ մարտյան դեպքերի ժամանակ կիրառվել է «Չերյոմուխա – 7» տեսակի հատուկ միջոց, որից մահացել է երեք քաղաքացի: Այս դեպքում ինչպե՞ս է վարչապետը կասկածում ոչ իրավաչափության հանգամանքի վրա, հարցնում են մարտի 1-ի զոհերի հարազատները։
Ինչ վերաբերվում է փոխհատուցմանը կառավարության մերժմանը. դա իրենց համար զարմանալի չէր։ «Եթե կառավարությունը որոշեր փոխհատուցել մեզ, ապա ինքնըստինքյան կընդուներ, որ մեր որդիները մահացել են հենց իրենց մեղքով», – ասել է Քլոյանը։ – «Եթե փոխհատուցման պահանջը ինքը կտա մեզ, իհարկե, մենք կվերցնենք այդ փոխհատուցումը, եւ այն ժամանակ Եվրոդատարանը կորոշի, հարցում կանի կառավարությանը` «ինչքա՞ն եք փոխհատուցում արել» … Դրա համար էլ գումար չեն ներկայացնում, եթե գումար ներկայացնեն, ուրեմն` 100 տոկոս մեղավորներն իրենք են»։
Քլոյանի համոզմամբ` Եվրոպական դատարանում գտնվող իրենց գործերի լսման արդյունքում կառավարությունն ի վերջո փոխհատուցելու է իրենց:
Երկուշաբթի օրը Մարտի 1-ի գործով քննչական խմբի նոր ղեկավար, Հատուկ քննչական ծառայութան քննիչ Վաղինակ Ջանազյանը հանդիպելու է լրագրողներին:
«Եթե միայն ասելու է` «ես նոր եմ ղեկավար, ես պետք է ուսումնասիրեմ գործերը», եթե երեք տարի ու կես Վահագն Հարությունյանը դեռ ուսումնասիրում է, իսկ նոր ղեկավարը նույնպես մի երեք, չորս, հինգ տարի էլ պետք է ուսումնասիրի, այդպիսով ուզում են քնեցնել մեր գործը», – շեշտել է Սարգիս Քլոյանը` ամփոփելով. – «Ես ոչ մի ակնկալիք չունեմ, որ կբացահայտվի, կամ փոխհատուցում կտան։ Ես մի հույս ունեմ` ե՛ւ Եվրոդատարան, ե՛ւ իշխանափոխությունից հետո ամեն ինչ կբացահայտվի»։