«Առավոտը» գրում է, որ երեկ իրենց խմբագրություն էին դիմել «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից խաբված բնակիչներ` հայտնելով, որ հատուկ քննչական ծառայությունը, որն արդեն քանի ամիս է` քննում է իրենց գործը, գործում ներգրավված բնակարանների կեղծ սեփականատերերին ընտրողաբար է մոտենում:
Օրերս էլ այդ գործով ձերբակալվել է Ցոլակ Պետրոսյանը, որը մեղադրվում է կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի և Լուսաբեկ Սամվելյանի հետ համագործակցությամբ մի շարք քաղաքացիների պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու մեջ:
Սակայն այս գործում խառնված որոշ «բնականատերեր» ՀՔԾ-ի ուշադրությունից վրիպել են: Բնակիչների խոսքերով` այդ ամենն իրենց հիմք է տալիս մտածելու, որ այդ մարդկանց «վերևներից են պահում»: Նրանցից մեկը ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է` Դավիթ Բեգլարյանը: Պարոն Բեգլարյանը այդ շենքից միանգամից 14 սեփականատերերի հետ որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել և դրանք հանձնել, բայց դեռ մի քանի բնակարան նրա ձեռքում է:
Նշենք, որ պարոն Բեգլարյանը, բացի այն, որ բնակարանների առքուվաճառքով է զբաղվել, նաև պաշտոնատար անձ է` ներկայումս զբաղեցնում է Էջմիածնի հարկայինի պետի պաշտոնը: Թե ինչու՞ ՀՔԾ-ն նրան չի նեղացնում, բնակիչների համար թերևս պարզից էլ պարզ է: Առաջիկա օրերին բնակիչները մտադիր են բողոքի ակցիա կազմակերպել: