Նախագահների համատեղ հայտարարությունը

7

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները եռակողմ հանդիպումից հետո համատեղ հայտարարության են եկել, որում մասնավորապես ասվում է`

«Երեք երկրների ղեկավարները ընդգծեցին 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մոսկովյան հռչակագրի ընդունումից ի վեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքների մեծ ծավալը: Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է գրանցվել ղարաբաղյան կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում:

Հաշվի առնելով Խաղաղ համաձայնության մշակմանն անցնելու կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների հարցով պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ նկատի ունենալով մինչ այժմ կատարված աշխատանքը:

Երկու նախագահները բարձր գնահատեցին Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների միջնորդական գործունեությունը և հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում ևս ակտիվ դերակատարություն կունենա կարգավորման գործում՝ ընդհուպ մինչև տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը:

2011 թվականի մարտի 5-ին Սոչիում ընդունված համատեղ հայտարարության դրույթի համաձայն` Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները ի գիտություն ընդունեցին համանախագահների զեկույցը՝ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի մասին, որը նրանք մշակել են ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցչի հետ համատեղ, և հանձնարարեցին շարունակել այդ աշխատանքը:

Նախագահները վերահաստատեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում վստահության ամրապնդման ուղիներից մեկը կողմերի միջև հումանիտար կապերի զարգացումն է: Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահները հայտարարեցին իրենց պատրաստակամության մասին՝ նպաստելու մտավորականության, գիտական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության հետագա ծավալմանը»: