Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կայացավ

11

Փարիզում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո ԵԱՀԿ-ն հայտարարություն է տարածել

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Արտգործնախարարների փարիզյան հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտդ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱԳԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: Այս մասին նշված է ԵԱՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, որում մասնավորապես ասվում է. «Արտգործնախարարներն իրենց վճռականությունն են հայտնել՝ աշխատելու համանախագահների հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Բացի այդ՝ նրանք պատրաստակամություն են հայտնել միջոցներ ձեռնարկել վստահության ամրագրման ուղղությամբ, որոնք կբարելավեն բանակցությունների մթնոլորտը:

Համանախագահներն արտգործնախարարների հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, ինչպես նաև հետագա քայլերը՝ հումանիտար, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմի ստեղծման, պատմական և մշակութային նշանակություն ունեցող օբյեկտների պահպանման ոլորտներում:

Համանախագահները նաև խոր մտահոգություն են հայտնել ոչ վաղ անցյալում շփման գծում գրանցված միջադեպերի կապակցությամբ և ընդգծել են 1994 թվականին կնքված հրադադարի մասին համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը:

Հանդիպումն անցել է դրական, կառուցողական մթնոլորտում: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահներն առաջիկա շաբաթներին կժամանեն տարածաշրջան»: