ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան կատարած այցից հետո հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ մտադիր է առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կազմակերպել։
ԵԱՀԿ կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Քելլին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մարտի 18-22-ը և ապրիլի 1-6-ն այցելել են տարածաշրջան՝ օգնելու կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ լուծումը։
Երևանում համանախագահները մարտի 21-ին հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Ապրիլի 2-ին Բաքվում նրանք հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Նրանք երկու անգամ՝ մարտի 19-20-ին և ապրիլի 4-5-ը, այցելել են Լեռնային Ղարաբաղ և հանդիպել են դե ֆակտո իշխանությունների հետ։
Համանախագահները տեղեկացրել են շփման գծի երկու կողմերի իրավիճակի մասին, երբ ապրիլի 4-ին և 5-ին հատել են սահմանը։ Նրանք տեղի իշխանությունների հետ քննարկել են վերջին միջադեպերը։
Համանախագահները նշել են, որ Նովրուզի և Զատկի տոների ընթացքում շփման գծում համեմատաբար հանգիստ իրավիճակ է եղել, և հույս են հայտնել, որ դա կշարունակվի։ Համանախագահները նախագահների հետ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից քաղաքացիական թռիչքների իրականացման հարցը։
Նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը խաղաղ բանակցային գործընթացին և աջակցություն հայտնել ամենաբարձր մակարդակով բանակցությունների շարունակմանը։ Համանախագահները նախատեսում են արտգործնախարարների հանդիպում կազմակերպել առաջիկա շաբաթների ընթացքում և աշխատել բանակցություններում առաջընթաց գրանցելու ուղղությամբ։