Նալբանդյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի ԳԱ 67- րդ նստաշրջանում

5

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67- րդ նստաշրջանը։

Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի վեց առանցքային հաստատություններից մեկն է, մնացած հինգն են Անվտանգության խորհուրդը, Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը, Հոգաբարձության խորհուրդը, Միջազգային դատարանը եւ Քարտուղարությունը։

Ասամբլեայի բացումից մեկ շաբաթ անց` սեպտեմբերի 25-ին, մեկնարկում է Ընդհանուր բանավեճը, որի ընթացքում ելույթ են ունենում պետությունների, կառավարությունների ղեկավարները կամ արտգործնախարարները։

Սեպտեմբերի 28-ին ելույթ կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, իսկ հոկտեմբերի 1-ին` Ընդհանուր բանավեճի վերջին օրը, նախատեսված է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը։

Երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները կխոսեն ԼՂ հակամարտության մասին, անդրադարձ կլինի նաև Սաֆարովի գործին: