Մինսկի խմբի համանախագահները հատել են շփման գիծը

8

Հունիսի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ակնա-Բարդա ուղղությամբ:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

Հակառակ կողմից դիտարկումը կատարել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը /Հունգարիա/ և ԳՆԱՆ դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:

Դիտարկման ժամանակ, աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն /ԱՄՆ/, Բեռնար Ֆասյեն /Ֆրանսիա/ և Իգոր Պոպովը /Ռուսաստան/ հատել են շփման գիծը նախապես ականազերծված հատվածով:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: