ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի արդյունքներով հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը մայիսի 11-14-ը այցելել են Երևան և Բաքու, ուր և հանդիպումներ են ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին ջանքերը:
Համանախագահները կողմերի հետ շարունակել են քննարկել, թե ինչպես պետք է կատարվեն հունվարի 23-ին Սոչիում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի կողմից ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ նաև արագացվեն համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման համար հիմք հանդիսացող «հիմնարար սկզբունքների» համաձայնեցումը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հետաքննող մեխանիզմի ու հումանիտար շփումների մշակումը:
Համանախագահներն անհանգստություն են հայտնել շփման գծում ոչ վաղ անցյալում գրանցված միջադեպերի կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ են արել՝ վրիժառության չդիմելու համար: Համանախագահները ողջունում են հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարիմ մնալու մասին կողմերի հայտարարությունները:
Մինսկի խումբը կողմերի հետ քննարկել է նաև ռազմական և հումանիտար ոլորտներում վստահության մեծացման և 1994 թվականին ձեռք բերված հրադադարի ռեժիմի շուրջ պայմանավորվածությունների ամրագրման հարցերը: Բացի այդ, համանախագահները քննարկել են ռիսկային գոտում գտնվող հայկական և ադրբեջանական մշակութային ու պատմական հուշարձանների պաշտպանությանն ու գնահատման հարցը՝ նախքան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելը տարածաշրջանի մշակութային ժառանգության պահպանման համար:
Համանախագահները պլանավորել են մոտ ապագայում շարունակելու երկու երկրների արտգործնախարարների քննարկումները»: