Մինյոն. Սաֆարովի գործած արգահատելի հանցագործության փառաբանումը անընդունելի է

22

«Պարոն Սաֆարովի գործած արգահատելի հանցագործության փառաբանումը անընդունելի է, եւ ես խորապես ափսոսում եմ, որ հանցագործի ներումը ձեռք է բերվել Եվրոխարհրդի իրավական գործիքի միջոցով` մշակված իրապես «մարդասիրական» նպատակներով»,-ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանակական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը՝ նշելով, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը իր մոտ շոկ է առաջացրել: Տեղեկանում ենք ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքից:

«Մենք չենք ցանկանում կրակի վրա յուղ լցնել: Հակառակը, մեր նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև նորմալ հարաբերությունների հաստատումն է: Սաֆարովի հարցը ԵԽԽՎ օրակարգ ներառելու նպատակը ստեղծված իրավիճակի քննարկումն է»,- շեշտել է Մինյոնը:

ԵԽԽՎ նախագահն անհանգստություն է հայտնել, որ. «Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Դա անընդունելի է,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը՝ հավելելով,- Դուք պետք է բանակցություններ սկսեք: Մենք դրա համար ենք այստեղ»:

ԵԽԽՎ բյուրոն որոշել է հայ պատգամավորների բարձրացրած` Ռամիլ Սաֆարովի հարցը որպես հրատապ եւ ակտուալ թեմա ներառել Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգ և այն քննարկել հոկտեմբերի 4-ի լիագումար նիստում:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան օգոստոսի 31-ին արտահանձնեց Ադրբեջանին: Մարդասպանը հայրենիքում ոչ միայն ազատ է արձակվել, այլեւ մայորի կոչում ստացել: Հայաստանը որոշում է կայացրել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Սակայն Հունգարիան արդեն հայտնել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին: