Մթնոլորտը կառուցողական է, և իրար լավ ենք հասկանում

8

Նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ հայ-իրանական երկկողմ բարեկամության նոր շրջանն սկիզբ է առնում Հայաստանի Հանրապետության անկախության առաջին իսկ օրերից և որ այս տարիների ընթացքում մենք հաջողությամբ իրականացրել ենք մի շարք կարևոր նախագծեր և նախանշել ենք նոր ծրագրեր:

«Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել այն փաստը, որ մեր քաղաքական երկխոսությունը լավ ընթացք ունի բոլոր մակարդակներում, ունի շատ լավ տնտեսական հենք, և չնայած ողջ աշխարհի տնտեսության հետ կապված միջազգային խնդիրներին, մեր տնտեսական հարաբերությունները զարգանում են:
Պարոն Նախագահն իրավացիորեն է նկատում, որ 300 մլն. ԱՄՆ դոլարը երկու բարեկամ, հարևան, կողք-կողքի ապրող ժողովուրդների և պետությունների համար շատ փոքր ծավալ է: Կարևոր է, որ մենք տեսնում ենք ներուժ, տեսնում ենք հնարավորություններ: Ինչպես պարոն Ահմադինեժադն ասաց, մենք կարող ենք շատ կարճ ժամանակահատվածում կրկնապատկել, եռապատկել այդ թվերը: Հատկապես, ինչպես ասացի, մենք շատ ջերմ, կառուցողական մթոնոլորտում մի քանի հարցերի շուրջ համաձայնության եկանք և եթե արագացնենք էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը, որոշակի ակտիվություն կարողանանք հաղորդել նավթամթերքի մեր շուկային, ապա, իրոք, կարող ենք ծավալները մեծացնել և, ընդհանրապես, կարող ենք աշխուժություն բերել: Կարևորն այն է, որ, իրոք, մթնոլորտը կառուցողական է, և իրար լավ ենք հասկանում»,-շեշտել է Սարգսյանը: