Մաքուր օդի կարոտ

18

Թեև Էրեբունի Համայնքի Գաջեգործների փողոցի բնակիչներից շատ-շատերը կյանքում չեն մտել հարակից Գաջի գործարան, այդուամենայնիվ, ամեն օր ստիպված են շնչել գաջի իրենց խոսքերով ասած` անտանելի օդը: Ու ոչ միայն շնչել: Տիկինը, ում հետ զրուցեցինք, 10 տարուց ավելի է, ինչ ապրում է այստեղ, ասում է` մաքուր լվացք դեռ իրենք չեն հավաքել. «Ահավոր վիճակ ա, չեք պատեկրացնի, շունչներս կտրվում ա, ոչ մաքուր լվացք կա, ոչ մաքուր ավտո»,-ասում է նա ու ավելացնում,- «էդ հլը հեչ, երեխեքին չենք թողնում հելնեն դուրս խաղան, բայց ոչ էլ տունն ա մի բան: 1000 անգամ դիմել ենք էլ ում ասես, բայց սայլը տեղից չի շարժվում»:

Փորձեցինք ճշտել, արդյոք բնապահպանության նախարարությունում խնդրին ծանոթ են: ԲՆ հասարակայնության հետ կապերի վարչության առաջատար մասնագետ Ալլա Սուքիասյանն ասաց , որ իրենք ծանոթ են նշված խնդրին, 2 անգամ թեժ գծով ստացել են բողոքներ` մեկը բնակիչ էր, մյուսը` հ/կ ներկայացուցիչ: «Մեր տեսուչները զանգի հետքերով գնացել են և տեսել, որ օդն իսկապես աղտոտված է, և պատասխանի մեջ տեսուչը հանձնարարել է, որ պետք է մաքրիչ կայան տեղադրել: Բայց նշված ժամանակում խնդիրը չի կարգավորվել: Հետո մենք նորից ենք զանգ ստացել: Ու նորից մեր տեսուչները այցելել են գաջեգործների 2 հասցեով: Տեսել են ոչ մի դրական տեղաշարժ չկա, դադարեցրել են աշխատանքները և տուգանել էին»,-ներկայացրեց Ալլա Սուքիասյանը:
Իսկ թե որքան էր տուգանքի չափը, արդյոք հիմա դադարեցված է գործարանում աշխատանքները և տեսուչների հաջորդ այցը գործարան երբ կլինի, դա ԲՆ ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել, բայց ասաց. «Թեժ գծով ստացված բողոքներից 1-2 օր անց մեր մանսգետները այցելում են մատնանշված հասցե»:
Փորձեցինք նշված հարցերի պատասխանները ստանալ նաև այսպես ասած մեղավորներից, ի դեպ նշենք, որ գործարանը պատկանում է Հայրապետյան ընկերությանը, բայց նրանցից ոչ ոքի հետ չկարողացանք կապվել: Եվ գործարանի մուտքի դռների մոտ և հեռախոսով մեզ անդադար պատասխանեցին, որ տնօրենը տեղում չէ, իսկ իրենք չգիտեն մաքրիչ կայան տեղադրված է, թե ոչ և որ ամենազարմանալին այն է, որ նրանցից ոչ ոք չգիտեր, արտադրամասն աշխատում է, թե` ոչ: Գաջի գործարանի մի աշխտակից, ով ի դեպ, բավականին վատ էր տրամադրված ինչպես ինքն է ասում` աշխարհի բոլոր լրագրողների դեմ, ասաց, որ «ամեն ինչ սուտ ա, մարդիկ շատ են չափազանցնում, ինքն էլ մեքենայով է գալիս աշխատանքի ու երբեք իր մեքնենան չի կեղտոտվում»: «Ոչ թե կեղտոտվում, այլ`մեր շորերն ու ավտոները անճանաչելի ա դառնում, պատեկրացնում եք` մեր թոքերի վիճակը: Չենք հասկանում էդքան դժվար ա ֆիլտրացիա անել»,-ասում են բնակիչները:
Օդի ֆիլտրացիայի մասին գիշեր-ցերեկ երազող այս բնակիչներին շատ-շատ պաշտոնյաներ են խոստացել` օդի զտիչներ, սակայն խոստումը մնացել է միայն օդում` խառնված գաջի փոշուն` մի տեսակ` մշուշոտ: