Մանուկների անուղղակի մահացությունը և ուղղակի որբացումը շատացել է

29

Տիկին Գրետտան, մոտ 4 ամիս առաջ ականատես եղավ մի ցնցող պատմության, որը մինչև հիմա էլ հիշելիս մարմնով սարսուռ է անցնում. «Գնում էի շուկա, խանութի մուտքի մոտ մի կին երեխայի հետ կանգնած էր` բավականին լավ հագնված էր: Խնդրեց, որ երեխայի մոտ սպասեմ, ինքը մտնի տուն գա: Ասաց` դժվար է իրեն բարձրացնեմ վերև նորից իջացնեմ, ու խոստացավ 2 րոպեից վերադառնալ: Անցավ 10 րոպե` երեխան արդեն նվնվում էր, որոշեցի մտնել բակ ու տեսա, որ բակը մյուս կողմից ելք ունի դեպի փողոց: Հասկացա, որ այդ կինը ինձ խաբել է: Մոտեցա բակում նստած կանանց, նկարագրեցի ինձ մոտեցած կնոջը, նրանք ասացինք, որ նրան տեսել են վազելով անցնելիս, ու այդ կինը իրենց շենքում չի բնակվում: Երեխան արդեն ուժեղ լացում էր: Դուրս եկա փողոց, իմ բախտից էր երևի, ոստիկանների հանդիպեցի: Ու քանի որ երկար ժամանակ չէր անցել, նրան գտան ոստիակնները: Ու գիտեք որտեղ, դիմացի մայթի ծառի տակ թաքնված: Ոստիկանները նրան հարցրին պատահաբար երեխա չեք կորցրել, ասաց ոչ, ես երեխա չունեմ: Տարա երեխային տվեցի իրեն, մի հատ էլ ներեցեք` թքեցի երեսին, ամոթանք տվեցի: Ասաց, որ գյուղից է, այստեղ հղիացել է, ունեցել երեխային իսկ ծնողները չգիտեն, իմանալու դեպքում էլ չեն ընդունի»,-պատմում է կինը:

Նմանատիպ դեպքեր, ցավոք, մեր երկրում շատ են տեղի ունենում: Սարսափազդու դեպքերը անպակաս են հատկապես մարզերում, նույնիսկ որոշակի ձևեր կան մշակված, երբ երեխային տանն են ծննդաբերում, իրենց ձեռքով ավարտում նրա կյանքը, բայց բերում հիվանդանոց` նշելով թե մահացած է ծնվել: Իսկ ի՞նչն է պատճառը, որ այդքան մեծ տարածում է գտել նորածինների մահացությունները, նրանց աղբարկղերում գտնելը, կամ հետծննդյան բաժանմունքում թողնել հեռանալը: Մի՞թե սա էլ է սոցիալական պայմանների պատճառ, թե պարզապես անսրտության ու անտարբերության սահմաններն են ընդլայնվել: Հոգեբան Աննա Խաչատրյանն ասում է, որ նման քայլի հիմնականում գնում են անբարոյականները. «Նրանք չունեն ոչ միայն մայրական խիղճ ու հոգի, այլև մարդկային որևէ նորմի չեն համապատասխանում: Ես պետք է նաև նշեմ, որ նման դեպքերում ծնողը միշտ հետևում է, թե ով է տանելու իր երեխային: Եթե նմանատիպ դեպք է լինում, օրինակ` երեխային թողնում են աղբարկղի մոտ և հեռանում, և այնտեղ ամբոխ է հավաքված լինում, հավատացեք, ծնողը ևս այդ ամբոխի մեջ է լինում»,-ասում է նա` հավելելով, որ ավելի ծայրահեղ դեպքեր է լսել: Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանն ասում է, որ իրենց մանկատուն, այդ ճանապարհով երեխաներ դեռ չեն ընդունվել, բայց նմանատիպ դեպքեր կան. «Մի անգամ ծնողները խնամակալ էին վարձել, և 3 ամիս անց անհետ կորել էին: Այդ խնամակալը, բերեց երեխային և հանձնեց մանկատուն: Ես չգիտեմ` ինչ անուն տալ երևույթին, երբ ծնողը կարող է իր երեխային գցել տոպրակի մեջ և նետել աղբամանը, կամ նվիրել մեկ ուրիշին: Այդ երևույթն անուն չունի, համենայն դեպս` իմ գլխում այն չի տեղավորվում: Հավանաբար` նրանք ծանր հոգեվիճակում են գտնվում»,-ասում է նա ու հավելում, որ իրենք ամեն բան անում են, որպեսզի երեխաները լինեն ապահով, նրանց առողջությանը վտագ չսպառնա. «Եթե որևէ մեկը զանգում է մեզ, և ասում, որ երեխային պետք է բերի մանկատուն, բայց համապատասխան թղթեր չունի, մեր հանձնաժողովն այդ ընթացքում ամեն բան անում է` սկսած ծնողի հետ խոսակցությունից` վերջացրած երեխայի առողջության խնամքով»:

Զրուցակիցս Էրեբունի հիվանդանոցի բուժքույրերից է, ով չցանկացավ հրապարակել իր անունը, քանի որ իրավասություն չունի պատասխանելու լրագրողի հարցերին, միայն ասաց, որ իր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ ծնողը հենց հետծննդյան բաժանմունքում թողել է երեխային ու այսպես ասած փախել. «Ես հենց առաջին հայացքից տեսնելով այդ կնոջը հասկացա, որ տարօրինակ է, չէր ցանկանում կերակրել երեխային, շատ անտրամադիր էր, ու երբ ասեցի, ինչ է բալիկի անունը, ասաց` դժբախտություն: Կիրթ կին էր երևում, երևի ուսյալ տականք էր»,-ասում է նա: Իսկ նույն հիվանադանոցի բժշկուհի Լիլիթ Մեղրյանն ասում է, որ նման դեպք չի հիշում, համենայն դեպս վերջին տարիներին. «Գուցե պատահել են, բայց ես չգիտեմ»,-ասաց նա: Իսկ առողջապահության նախարարությունում, իհարկե, գիտեն, բայց չեն ցանկանում հրապարակել, առհասարակ, տվյալ թեմայի շուրջ հարցազրույց տալ. Մամուլի և հասարակայնության բաժնի աշխատակցի խորհրդով կապ հաստատացինք Մոր և մանկան պահպանման վարչության պետի հետ, ով ասաց, որ չի պատասխանի հարցերին, մինչև իրեն չասեն: Ամեն դեպքում` ինֆորմացիան փակ է: Ստացվում է, որ փակ է, ոչ միայն ինֆորմացիան, այլև` «մայրերի» սրտերը: Ու մինչ մենք խոսում ենք այս թեմայի շուրջ, գուցե ինչ-որ երեխա այս պահին ևս դժբախտացավ…