«Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խստորեն դատապարտում է այդ հանդուգն հայտարարությունները, որոնցով մեղադրանքներ են հնչում Հայ Եկեղեցու հասցեին և վերագրումներ կատարվում Ամենայն Հայոց Կաթողիկոսին»,-հայտարարել է Մայր Աթոռի Տեղեկատվական գրասենյակի ղեկավար Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Ի դեպ հանդուգն հայտարարությունը արվել էր ճարտապետ Սամվել Կարապետյանի կողմից: Վերջինս կրկնել էր , Գարեգին Բ-իխոսքերը. «Ես որեւէ գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ» :
Նշենք, որ խոսքը վերաբերվում էր Սանահին վանական համալիրին, որի գմբեթը անտառի է վերածվել:
«Պրն. Սամվել Կարապետյանն ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացնում զրույցը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Անամոթություն և լկտիություն է եկեղեցիների և սրբավայրերի պահպանության առնչությամբ ավելի ցավսիրտ ներկայանալ, քան Ամենայն հայոց կաթողիկոսը կամ որևէ թեմակալ առաջնորդ և եկեղեցական:
Նորին Սրբության ուշադրության ներքո են բոլոր վանքերն ու եկեղեցիները, սակայն Մայր Աթոռ Ս. Էջմիածինն ի վիճակի չէ բոլոր վանքերի նորոգությունը միաժամանակ իրագործել և բազմիցս այդ մասին ասվել է, որ մեր հոգևոր ժառանգության պահպանությունն կարելի է իրականացնել միայն պետության հովանավորությամբ և աջակցությամբ:
Այդուհանդերձ, Մայր Աթոռը իր սուղ միջոցներով հանդերձ հետամուտ է նորոգության առավել կարիքի մեջ գտնվող վանքերի ու եկեղեցիների: Իսկ նորոգված և այսօր նորոգվող տաճարները, ինչպես օրինակ` Գեղարդավանքը, Հառիճավանքը, Սաղմոսավանքը, Նորավանքը, Խոր Վիրապը, Ապարանի Ս. Խաչը, Տաթևը և բազում այլք, խոսուն վկայությունն են հնչող մեղադրանքների անհեթեթության»,-ասված է հաղորդագրության մեջ: